Բաժիններ՝

Անկարան պարբերաբար խախտում է Բաց երկնքի մասին պայմանագիրը. ՌԴ ՊՆ

Թուրքիան պարբերաբար խախտում է Բաց երկնքի մասին պայմանագիրը, ու ԵԱՀԿ մյուս երկրները նույնպես չարաշահում են այդ դրությունը, հայտարարել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Անատոլի Անտոնովը։

Նրա խոսքով՝ Անկարան վերջին 3 տարում խախտել է Բաց երկնքի մասին պայմանագիրը նվազագույնը 4 անգամ՝ ստեղծելով նախադեպ, երբ անհնար է վերահսկողություն սահմանել համաձայնագրի անդամներից մեկի ռազմական գործողությունների նկատմամբ:

Անտոնովի խոսքով՝ երբ մշակվել են այդ փաստաթղթերը, իրենք չեն մտածել, որ երկրները քայլեր կձեռնարկեն՝ շրջանցելու փաստաթղթի դրույթները կամ անհավասարաչափ օգտագործել այս կամ այն դրույթները, չարաշահել իրենց իրավունքները՝ իրենց նպատակներին հասնելու համար:

Հիշեցնենք, որ նախօրեին Թուրքիայի իշխանությունները հայտնեցին, որ մերժել են «Բաց երկինք» նախագծի շրջանակում թռիչքների իրականացման թույլտվություն տրամադրել Ռուսաստանին, քանի որ թռիչքների երթուղին համաձայնեցված չի եղել: Թռիչքն այդ պայմանագրի շրջանակում պետք է տեղի ունենա միայն այն դեպքում, եթե երկու կողմերը համաձայնեցնում են երթուղին:

«Ռուսաստանի կողմից փետրվարի 2-5-ը նախատեսված թռիչքի դեպքում այդ հարցով չի հաջողվել համաձայնության գալ»,- ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի պաշտոնական հաղորդագրության մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս