Բաժիններ՝

Տանկիստը

Սմբատ Քոչարյանը ուսումնական կենտրոնում սովորելուց հետո ծառայության անցավ զինված ուժերի զորամասերից մեկում: Ծնողները հպարտությամբ են պատմում իրենց զինվոր որդու մասին: Ու երբ ծանոթանում ես ծնողների կենսագրությանը, հասկանում ես, որ հպարտություն բառը այստեղ կարելի է հասկանալ այսպես՝ վաստակած, ձեռք բերված հպարտություն: Սմբատի հայրը՝ Աշոտ Քոչարյանը, պատերազմի հաշմանդամ է, ազատամարտիկ, կազմավորել է «Հաղարծին» ջոկատը եւ որպես հրամանատար մասնակցել ազատագրական մարտերին:

Զինված ուժերի կազմավորման հետ ծառայության է անցել հայոց բանակում, եղել է առաջին գումարտակի հրամանատարներից, եւ ինչպես Վ. Սարգսյանն էր ասում՝ հայոց նորաստեղծ բանակի սյուներից մեկը: Մայրը՝ Նաիրա Քոչարյանը, նույնպես իր մասնակցությունն է բերել ազատագրական պայքարին: Հայրենի Կիրանց գյուղի ազատամարտիկների, «Հաղարծին» ջոկատի տղաների համար հաց էր թխում, սնունդ հասցնում, ինչպես նաեւ գուլպա գործում ու փամփշտակալ կարում: Մինչ օրս էլ նա ծառայում է ՀՕՊ զորքերում, միեւնույն ժամանակ «Ղարաբաղի պատերազմի վետերանների միության» Իջեւանի կառույցի ղեկավարն է: Փորձում է օգնել իր եւ ամուսնու մարտական ընկերներին ինչով հնարավոր է.

– Կարեւորը վերաբերմունքն է, հոգով, սրտով ասված խոսքն էլ ոգեւորող է, ուժ տվող: Ամանորին Տավուշի սահմանի մեր մարտական հենակետերում կանգնած զինվորներին փոքրիկ ծանրոցներ էի ուղարկել: Խիղճս հանգիստ է, վստահ եմ, որ իմ Սմբատ որդուն նույնպես մեկնումեկը, մեկ ուրիշ զինվորի մայր ծանրոց կուղարկի: Սմբատս դեռ փոքր հասակից միշտ ասում էր՝ երբ մեծանամ, պիտի տանկիստ դառնամ: Եվ որդիս այսօր տանկիստ է՝ տանկի մեխանիկ-վարորդ: Տեսնել է պետք այն ոգեւորությունը, այն ջերմությունը, որը որդիս տածում է իր «երկաթյա նժույգի» հանդեպ:

Որդիս սիրում է իր մասնագիտությունը, սիրում է զինվորականի գործը: Հայոց բանակի օրը զանգահարեց եւ ուրախ լուր հաղորդեց. իրենց տանկի անձնակազմը մրցույթին հաղթող է ճանաչվել, եւ իրեն որպես խրախուսանք արձակուրդ է տրվել: Կարծում եմ՝ զորացրվելուց հետո տղաս կշարունակի ծառայությունը բանակում, քանի որ՝ որպես մայր, զգում եմ՝ որդուս երակներով մեր մեծ պապի՝ Գեորգիեւյան երեք խաչերի ասպետ Թորոս Դավթյանի արյունն է հոսում, որի կիսանդրին շուտով պիտի դրվի հայրենի Կիրանց գյուղում:

Խոսում են ծնողները, պատմում իրենց զինվոր որդուց, վերհիշում են Հայոց 24-ամյա բանակի անցած ուղին ու ձեռքբերումները, եւ խոսքը, օրհնանքը աստիճանաբար տարածվում, լսելի է դառնում հայոց սահմաններին կանգնած բոլոր հայ զինվորների, որոնց շարքերում նաեւ իրենց տանկիստ որդին է՝ Սմբատ Աշոտի Քոչարյանը…

ԳՆԵԼ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
hayzinvor.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29