Բաժիններ՝

Իրանը շահագրգիռ է Հայաստանի տարածքով կազմակերպել բեռնափոխադրումներ. կկառուցվի նոր ճանապարհ

Հայաստանը և Իրանը պայմանավորվածություն են ձեռք բերել Իրանի տարածքից Հյուսիս-հարավ մայրուղուն միացող նոր ճանապարհ կառուցելու մասին: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ Արթուր Առաքելյանը՝ ներկայացնելով ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի` վերջերս Իրան կատարած այցի արդյունքները: Փոխնախարարը մանրամասնեց, որ թե Իրանում, թե տարածաշրջանի երկրներում շատ լավ են հասկանում, որ Հայաստանի տարածքով բեռնափոխադրումներ իրականացնելն իրենց համար ավելի ձեռնտու է:

«Հայաստանն այս պահին էլ տրանսպորտային միջանցք է համարվում, քանի որ մեր երկրի տարածքով հիմա էլ բեռնափոխադրումներ իրականացվում են, սակայն քանի որ հատկապես Իրանի կողմից ճանապարհն անցնում է բարդ լեռնային գոտիներով, նրանք հաճախ այլ ծրագրեր են նախընտրում՝ իրենց բեռնափոխադրումը կազմակերպելու համար: Դրա համար մենք իրականացնում ենք Հյուսիս-հարավ ծրագիրը, որը հնարավորություն կտա մեր երկրի տարածքով կազմակերպել արդյունավետ և ապահով բեռնափոխադրում: Իսկ նախարարի՝ Իրան կատարած վերջին այցի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Իրանի տարածքում դեպի Հայաստանի սահման նոր որակյալ ճանապարհ կկառուցվի, քանի որ նրանք էլ շահագրգիիռ են մեր երկրի տարածքով բեռնափոխադրումներ կազմակերպելու հարցում»,- հավելեց Արթուր Առաքելյանը:

Փոխնախարարը նշեց, որ անդրադարձ է կատարվել նաև հայ-իրանական երկաթուղու կառուցման հնարավորություններին: Նրա խոսքով՝ կողմերը կարևորել են երկու երկրները երկաթուղու միջոցով միմյանց կապելու անհրաժեշտությունը և ձեռք են բերել որոշակի պայմանավորվածություններ՝ առանձնահատկությունները ուսումնասիրելու համար: Արթուր Առաքելյանը նկատեց, որ հայ-իրանական երկաթուղու կառուցման շուրջ բանակցությունները շարունակվում են:

Թեհրանում ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի վարած բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Հնդկաստանը Իրանի, Հայաստանի, Վրաստանի տարածքով ու Սև ծովով Եվրոպային կապող միջազգային տրանսպորտային ուղու ստեղծման վերաբերյալ: Դեկտեմբերի 24-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոուհանիի հետ: Զրուցակիցները համակարծիք են եղել, որ անհրաժեշտ կամքի դրսևորման պարագայում, բանակցությունների շնորհիվ կարելի է լուծումներ գտնել ցանկացած հարցում: Ռոուհանին ընդգծել է Հայաստանի հետ բարիդրացիական, սերտ գործընկերային հարաբերությունների առավել ամրապնդման, գործակցության ընդլայնման և խորացման ուղղությամբ ակտիվ աշխատանք իրականացնելու իր երկրի պատրաստակամությունը: Նախագահները կարևորել են շարունակել երկու երկրների համատեղ ջանքերի շնորհիվ արդյունավետ և անխափան համագործակցությունը բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների և հեռանկարային նոր նախաձեռնությունների իրագործման ուղղությամբ` առավելագույնս օգտագործելով առկա ողջ ներուժը, համաձայնեցվել են առաջիկա հանդիպու մների ծրագրերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս