ՀՀԿ ԳՄ նիստում կոալիցիայի հարցը չի քննարկվել. Էդուարդ Շարմազանով

Այսօր ՀՀԿ ԳՄ նիստի ժամանակ «մանրամասն» քննարկվել են ՀՀ ընտրական օրենսգրքի փոփոխությունները և ԱԺ քառօրյայի աշխատանքները: Այս մասին քիչ առաջ լրագրողներին հայտնեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ տեղեկացնելով, որ ՀՅԴ-ի հետ կոալիցիայի հետ կապված վերջնական որևէ հարց այսօր չեն քննարկել:

«Այսօր առհասարակ նման հարց չենք քննարկել: ՀՅԴ-ի հետ քննարկումները շարունակվում են, մինչև մյուս շաբաթվա ավարտը մենք կունենանք հստակություն: ԳՄ նիստում որևէ քննարկում այս հարցով տեղի չունեցավ»,- նշեց ՀՀԿ մամուլի խոսնակը:

Հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված, որ դեռ հստակեցում չկա, Է. Շարմազանովն այսպես պատասխանեց. «Պայմանավորված է նրանով, որ թե՛ մեր կողմից, թե՛ ՀՅԴ-ի կողմից, համագործակցության հիմքը ոչ թե պաշտոնների բաժանումն է, այլ ծրագրային դրույթները, պատասխանատվության ստանձնումը: Մինչև մյուս շաբաթվա ավարտը կլինի նորություն այս հարցերի շուրջ»:

Անդրադառնալով ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի՝ ՀՀԿ-ի թեկնածուի ընտրության հարցին՝ Է. Շարմազանովն ասաց, որ վաղը խմբակցությունը նիստում այդ հարցը կքննարկի` նշելով, որ շատ հավանական է ՀՀ Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանի թեկնածությունը. «Հնարավոր է՝ նրա թեկնածությունը մենք առաջադրենք»:
Անի Քեշիշյան

Տեսանյութեր

Լրահոս