Ո ՞վ է գրել սպանված կուրսանտի պահարանում հայտնաբերված գրառումը` «Ոչ մեկ մեղավոր չի ու կապ չունի, ուղղակի հոգնել եմ ու անհետաքրքիր ա, քաշքշուքի համար կներեք»
Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հետազոտվեցին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործի նյութերը:
Ամբաստանյալ Մովսես Ազարյանի պաշտպան Անահիտ Հովհաննիսյանը ներկայացրեց իր պաշտպանյալին տրված բնութագրերը:
Դրանից մեկը տրվել էր դպրոցից, որում ասվում էր, որ այնտեղ սովորելու տարիներին Մովսես Ազարյանն իրեն դրսևորել է որպես կարգապահ, ուշիմ աշակերտ, եղել է ճշտապահ և պարտաճանաչ, ունեցել է բարձր առաջադիմություն, աչքի է ընկել դպրոցական միջոցառումներին մասնակցությամբ, նրա վարքագծում գնահատվել է համեստությունը, ընկերասիրությունը, հարգանքն ուսուցիչների և մեծերի նկատմամբ:
Մյուս բնութագիրը տրվել էր Քարվաճառի քաղաքապետի կողմից. այնտեղ նշվում էր, որ դրսևորել է որպես բարեխիղճ, ընկերասեր, պարտաճանաչ երիտասարդ, հարգանքով է վերաբերվում իրենից մեծերին ու փոքրերին, համայնքում վայելում է բոլորի սերն ու հարգանքը:
Քարվաճառ քաղաքի բնակիչներն էլ նշել են, որ Մովսես Ազարյանը մանկուց աչքի էր ընկնում ազնվությամբ, բարությամբ, աշխատասիրությամբ, գթասիրտ էր ու զիջող, կյանքում ամենից բարձր գնահատում էր արդարությունը, միշտ խուսափել է կոնֆլիկտային իրավիճակներից, ուրիշի ազդեցության տակ ընկնող չէ, երազում էր հայրենիքի զինվոր դառնալ, այդ պատճառով էլ դպրոցում մի քանի տարի սովորելուց հետո ուսումը շարունակել է ՊՆ Փոքր Մհեր կրթահամալիրում, ապա Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում: Ըստ բնակիչների՝ Մովսես Ազարյանը Քարվաճառի բնակիչների կողմից սիրված, հարգված անձնավորություն է և հայրենիքի նվիրված զինվոր:
Դատարանը գործի նյութերի հետազոտումը սկսեց մեղադրական եզրակացության մեջ նշված փաստաթղթերից՝ դրանում նշված հերթականությամբ: Հրապարակվեցին մի խումբ ապացույցներ, այդ թվում` դեպքի վայրի զննության արձանագրությունը: Ըստ դրա՝ 2015թ. հունվարի 29-ին կատարվել էր դեպքի վայրի զննություն. դեպքի վայր է հանդիսացել ռազմական ինստիտուտի սպորտային ավանը, որը հիմնականում կահավորված է մետաղյա կոնստրուկցիաներով, նախատեսված է սպորտային միջոցառումների համար: Այնտեղից հայտանաբերվել են արնանման հետքեր: Ըստ արձանագրության՝ պտտաձողերից մեկի վրա պարանից պարանոցի շրջանում շրջանակով կախված է եղել արական սեռի ներկայացուցչի դիակ: Դիակը գտնվել է ոչ լրիվ կախված վիճակով՝ ոտքերով հպված գետնին:
Դիակի զննում կատարելու արձանագրության մեջ նշված էր, որ աջ վերին վերջույթը, բազկի ստորին կեսից մինչև մատների ծայրը, ձախ վերին վերջույթը՝ դաստակի ափային մակերեսին և բոլոր մատների թիկնային մակերեսները համատարած պատված են կարմիր գույնի չորացած արնանման հետքերով, նույնանման հետքեր կան իրանի աջ կողմնային մակերեսին, վերին շրթունքի աջ անկյան շրջանում առկա է քերծվածք:
Զորանոցի զննության ընթացքում աստիճաններից հայտնաբերվել էր կաթիլաձև չորացած հետք, որից նշում էր վերցվել: Նման հետքեր այլ վայրերում էլ էին հայտնաբերվել: 408 ննջասենյակում, որտեղ տեղի է ունեցել սպանությունը, մահճակալներից մեկից հեռավորության վրա` անկանոն, դարչնագույն արնանման հետք է հայտնաբերվել:
Մահճակալներից մեկի վրա հայտնաբերվել է սավան, որի վրա առկա է եղել արնանման հետք: Ըստ արձանագրության՝ վերցվել է նաև արնանման հետքով ներծծված անձեռոցիկ. Մահճակալի գլխի հատվածի հենակից մինչև մահճակալի հետևն ընկած սահմանում սավանը թաթախված է եղել արնանման հետքերով, որի մեջ առկա են եղել նաև փսխմանը բնորոշ հետքեր, բարձը, մահճակալի ներքնակը ևս ներծծված են եղել արյունով: Դեպքի վայրի զննության արձանագրության համաձայն՝ բարձի մեջտեղի հատվածում առկա է եղել ածելու սայրին նմանվող առարկա: Պահարանում հայտնաբերվել էր թղթի կտոր, որի վրա կարմիր թանաքով առկա է եղել հետևյալ գրառումը. «Ոչ մեկ մեղավոր չի ու կապ չունի, ուղղակի հոգնել եմ ու անհետաքրքիր ա, քաշքշուքի համար կներեք»:
Ավելի ուշ հրապարակվեց ձեռագրաբանական փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն՝ այս ձեռագիր գրառումը կատարվել է միևնույն անձի կողմից, դրանք հավանաբար չեն կատարվել Մովսես Ազարյանի կողմից, այլ կատարվել են մեկ այլ անձի կողմից: Ըստ փորձագետի հետևությունների՝ հետազոտելի ձեռագիր գրառումների գրաֆիկական նյութի սակավության պատճառով չի հաջողվել ձեռք բերել հատկանիշների ավելի քանակ` կատեգորիկ հետևության հանգելու համար:
Փորձաքննության եզրակացության հետևությունների մասով նշված էր, որ հետազոտելի ձեռագիր գրառումները, հավանաբար, կատարվել են Հայկազ Բարսեղյանի կողմից: Կատեգորիկ հետևության հանգել չհաջողվեց՝ հետազոտելի ձեռագիր գրառումների գրաֆիկական նյութի սակավության պատճառով:
Ըստ փորձաքննության եզրակացության՝ գրառումներում ձախ ձեռքի կատարման հատկանիշներ, շարժումների կոորդինացիայի նվազում, տեմպի դանդաղեցում, շարժումների ուղղության փոփոխություն, սեղմման աստիճանի անհամաչափություն, տառերի և դրանց էլեմենտների հայելիական կատարում, տառերի եզրափակիչ էլեմենտները դեպի վեր ուղղած կատարելու տենդենց չեն հայտնաբերվել, ձեռագրի դիտավորյալ փոփոխման հատկանիշներ չեն հայտնաբերվել:
Հրապարակվեց քննչական փորձարարության արձանագրությունը, որը կատարվել էր 2015թ. հունիսի 20-ին. փորձարարությունը նաև տեսագրվել էր, որը ևս հրապարակվեց դատարանում: Քննչական փորձարարությունը կատարվել էր թիվ 408 ննջարանում, դրան մասնակցել էր 7 կուրսանտ, այդ թվում` այն կուրսանտները, որոնք դեպքի ընթացքում գտնվել էին ննջարանում:
Տեսաձայնագրության հրապարակումից հետո ամբաստանյալ Նորիկ Սահակյանի պաշտպան Հովիկ Արսենյանն ասաց, որ ռուսական ալիքներով «Сам себе режиссер» հաղորդաշարն է ցուցադրվում.
«Ես չեմ կարողանում ընկալել, թե ո՞ւմ գաղափարն է եղել, որ քննիչն այսպիսի, այսպես կոչված քննչական փորձարարություն կատարի և անունը դնեն փորձարարություն: Ոչ դեպքի պարագաների, հանգամանքների վերականգնում էր, ոչ մի բան»:
Ըստ փաստաբանի՝ փորձարարության ընթացքում քննիչը հուշել է վկաներին՝ մասնավորապես հարցնելով, թե ինչպես են խեղդել, այն դեպքում, երբ ննջարանում գտնվող կուրսանտները ցուցմունք են տվել, որ Հայկազ Բարսեղյանի պարանոցին հարված է եղել:
Նա հարց հնչեցրեց, թե քննիչն ինչու է փորձարարությանը դատաբժշկական փորձագետի, այլ մասնագետի տարել. «Ի՞նչ գործ ունեին այնտեղ ռազմական ոստիկանության աշխատակիցները: Կուրսանտներ են, վկաներ են` խեղճ ու կրակ, հետո էլ ասում են՝ ծածկոցը գցել ենք մեզ վրա, վախից քնել: Ազատ կուրսանտներ էին, քննիչի կողմից փորձարարություն է կատարվում ակադեմիայում:
Այս ոստիկաններն այնտեղ ի՞նչ գործ ունեին: Սա ուղղակիորեն բերում է ասելու, որ այդ անձինք, հատկապես նրանք, ովքեր վկա են և ցուցմունք են տալիս այս մարդկանց վրա (նկատի ունի գործով ամբաստանյալներին,- Օ.Հ.), միշտ էլ փակի տակ են պահել և հերթական անգամ տարել են, շիշը մտցրել` պրոպկեն էլ վրան, որովհետև այս մարդիկ անընդհատ եղել են ոստիկանների հսկողության տակ: Այս անգամ էլ տարել են, նկարահանեն, որ ասեն՝ հանկարծ ոչ աջ, ոչ ձախ, ծպտուն չհանեք, արդեն նկարահանել ենք, իմացեք, դուք ուրիշ ճանապարհ չունեք, այդպես էլ պետք է գաք, դատարանում ցուցմունք տաք»:
Մովսես Ազարյանի պաշտպան Անահիտ Հովհաննիսյանն ասաց, որ խախտվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածը՝ քննիչը աշխատել է այնպես, որ մեղադրանքը հաստատող ապացույցներ է ձեռք բերել, ուրիշ գործողություններ չի կատարել: Նա կարծիք հայտնեց, որ փորձարարությունն ապացուցողական նշանակություն չունի:
Ամբաստանյալ Վաչե Սահակյանի պաշտպան Արմեն Նադիրյանն էլ ասաց, որ իրականում փորձարարության նմանակում է կատարվել, փորձարարությունն իր նպատակին չի ծառայել: Փաստաբանն ասաց, որ քննիչը բոլոր վկաներին միասին չպիտի հարց տար իրենց տեսածը նկարագրելու վերաբերյալ, սակայն քննիչի դրանք տվել է բոլորի ներկայությամբ, և քննիչը հաջորդ վկային հարցրել է՝ արդյոք ավելացնելու որևէ բան ունի՞, թե՞ ոչ: Նրա կարծիքով ևս փորձարարությունն ապացուցողական նշանակություն չի կարող ունենալ:
Ամբաստանյալ Գնել Թևոսյանի պաշտպան Արա Զաքարյանը միացավ մյուս պաշտպանների փաստարկներին՝ նշելով, որ քննչական փորձարարությունը կատարվել է 2015թ. հունիսի 20-ին՝ ժամը 00:45-01:35: Մինչդեռ՝ ըստ գործի նյութերի՝ դեպքը տեղի է ունեցել 2015թ. հունվարի 28-ի լույս 29-ի գիշերը. այդ օրը ամպամած է եղել, ձյուն է եղել: Նրա խոսքով՝ ամռանը գիշերն ավելի լուսավոր է լինում, քան ձմռանը, այս հանգամանքն արդեն խոսում է այն մասին, որ նման պամաններ չէին կարող լինել: Բացի այդ, ըստ պաշտպանի, չեն ապահովվել պայմաններ, որ ճանաչողը ճանաչվողներին մտնելուց առաջ չտեսնի: Նա նշեց, որ այս գործողությունը կատարվել է քրեադատավարական օրենսգրքի կոպիտ խախտմամբ, հետևաբար այն չի կարող ապացուցողական նշանակություն ունենալ:
Մեղադրող Կարեն Հարությունյանն ասաց, որ համաձայն չէ պաշտպանական կողմի հետ, քրեադատավարական նորմերի խախտում տեղի չի ունեցել, փորձարարությունը կատարվել է քրեադատավարական նորմերի համաձայն: Անդրադառնալով այն հայտարարությանը, թե վկաների նկատմամբ ճնշում է գործադրվել՝ նկատի ունենալով նաև այն, որ փորձարարությանը ներկա են եղել ռազմական ոստիկանության աշխատակիցներ, մեղադրողն ասաց, որ դա ընդամենը պաշտպանի ենթադրություն է. այդ վկաների նկատմամբ պաշտպանության միջոց է կիրառվել, նրանք գտնվել են համապատասխան վայրում, համապատասխան մարմինների հսկողության տակ, ռազմական ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխվել են դեպքի վայր: Դրանից բացի՝ ռազմական ոստիկանության աշախատակիցների կողմից այլ միջամտություն չի եղել: Մեղադրողն ասաց, որ քննիչը կատարել է իր պարտականությունները ամբողջովին քրեական դատավարության օրենսգրքի նորմերին համապատսխան և ապացույցն անթույլատրելի ճանաչելու մասին պահանջից բացի՝ ինքը պաշտպանների կողմից հստակ հիմնավորում չնկատեց:
Գործով մյուս մեղադրող Հայկ Հարոյանն էլ ասաց, որ քննչական փորձարարության նպատակն է եղել պարզել՝ արդյոք նման լուսավորության պայմաններում անձինք ճանաչելի՞ են, թե՞ ոչ, և ճանաչելի՞ են արդյոք կոնկրետ այդ վկաների և ոչ թե այլ մարդու կողմից.
«Քննչական փորձարարության նպատակը եղել է հասկանալ, թե ո՞ր դիրքից կանգնած սուբյեկտը կարող էր հասու լինել Բարսեղյանի պարանոցին, և քննչական փորձարարությունն իր նպատակին ծառայել է»:
Հրապարակվեց փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն՝ ամբաստանյալ Նորիկ Սահակյանի մոտ հայտնաբերվել էր 1.24 գ/լ ալկոհոլ, ինչը համապատասխանում է թեթև աստիճանի ալկոհոլային հարբածության վիճակին: Վաչե Սահակյանի մոտ հայտնաբերվել էր 0.5 գ/լ ալկոհոլ, Գնել Թևոսյանի մոտ՝ 1.2 գ/լ ալկոհոլ, Մովսես Ազարյանի մոտ՝ 0.6 գ/լ, ինչը համապատասխանում է թեթև աստիճանի ալկոհոլային հարբածության վիճակին:
Հաջորդ դատական նիստը կշարունակվի փետրվարի 11-ին: