
Հայաստանի և Չեռնոգորիայի միջև կրկնակի հարկումը կբացառվի

Կառավարությունը այսօր համաձայնություն է տվել Հայաստանի և Չեռնոգորիայի կառավարությունների միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը:
Ըստ հիմնավորման, համաձայնագրի նպատակն է բացառել եկամուտների և գույքի կրկնակի հարկումը, թույլ չտալ պայմանավորվող կողմերի ազգային անձանց նկատմամբ հարկային խտրականություն` բոլոր տեսակի, բնույթի հարկերի առնչությամբ և հանդիսանում է բացառիկ կարևոր պայման այլ տնտեսական համաձայնագրերի ու ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման համար: Չեռնոգորիայի հետ կրկնակի հարկման համաձայնագրի նախագծի կնքումը հնարավորություն կտա զարգացնելու երկու պետությունների միջև ապրանքների և ծառայությունների շրջանառությունը, կապիտալի, տեխնոլոգիաների, մարդկանց շարժը, կնպաստի տնտեսական կապերի զարգացմանը:
Գործադիրը համաձայնություն է տվել նաև Հայաստանի և Ճապոնիայի կառավարությունների միջև հայտագրերի փոխանակման ձևով կնքվող դրամաշնորհի համաձայնագրի կնքման առաջարկությանը: Ըստ հիմնավորման՝ դրամաշնորհի հերթական աջակցությունը կնպաստի երկու պետությունների փոխշահավետ համագործակցությանը, ինչպես նաև ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության բազմաթիվ հրատապ խնդիրների լուծմանը:
Կառավարությունը համաձայնություն է տվել ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև հայ-ռուսական հումանիտար արձագանքման կենտրոնի կեցության, անձեռնմխելիությունների և արտոնությունների պայմանների մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը: