
«Ջոն Թերիի համար «Չելսիում» դուռը փակ չէ». Գուս Հիդինգ

«Կապույտների» գլխավոր Գուս Հիդինգը հայտարարել է, որ թիմի ավագը կարող է մնալ «Սթեմփորդ Բրիջում»:
«Ինձ շատ է դուր գալիս Ջոնը: Դուր է գալիս նրա խաղը և վերաբերմունքը թիմի նկատմամբ: Նրա հայտարարությունը մի փոքր զարմացրեց, բայց նա իրավունք ունի այդպես վարվել, որովհետև նրա պայմանագրի ժամկետը լրանում է մրցաշրջանի ավարտից հետո:
Բայց ոչ մի կոնկրետ որոշում չի կայացվել: Մենք պետք է սպասենք և տեսնենք՝ ինչ կկատարվի նոր մարզչի գալուց հետո: Դուռը փակ չէ, իսկ երկխոսությունը միշտ հնարավոր է:
Թերին նման չէ 35-ամյա վետերանի: Հաճախ այդ տարիքում ֆուտբոլիստները դառնում են ավելի դանդաղ, չեն հասցնում իրադարձությունների հետևից և կարող են, օրինակ, կարմիր քարտի արժանանալ: Բայց Ջոնի հետ նման բան չի կատարվում: Ես վստահ եմ, որ անկախ իրավիճակից՝ նա նվիրված կմնա ակումբին և կխաղա ամբողջ սրտով»,- Հիդինգին ցիտում է Daily Mail-ը:
Կիրակի Թերին հայտարարել էր մրցաշրջանի ավարտից հետո «Չելսիից» հեռանալու մասին: Իր որոշումը թիմի ավագը բացատրել էր ակումբի դիրքորոշումով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը