Բաժիններ՝

Գալուստ Սահակյանն ու Հրանտ Բագրատյանը վիճեցին. «Գործ չեմ ճարել, դրա համար ստեղ նստած եմ, ի՞նչ ես ուզում ինձանից»

Այսօր Ազգային ժողովի նիստում շարունակվում է «ՀՀ և Ասիական զարգացման բանկի միջև 2015 թվականի հոկտեմբերի 13-ին ստորագրված «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր-Ծրագիր 2» վարկային համաձայնագրի քննարկումը:

ԱԶԲ-ն, հիշեցնենք, ՀՀ կառավարությանն է տրամադրում 112 մլն 960 հազար դոլար վարկ: Ծրագրով նախատեսվում է ճանապարհ կառուցել Նորագավիթից Շիրակի փողոցով, Արգավանդի հանգույցով դեպի Բաբաջանյան փողոց, և Դավթաշենի կամրջից՝ դեպի Աշտարակի խճուղի: Հիմնական ճանապարհի ընդհանուր երկարությունը 10.4 կմ է, իջատեղերով և ուղետարներով՝ 17 կմ, հագեցած է լինելու 1 կամրջով, 4 տրանսպորտային հանգույցներով, 3-ական ուղեանցքերով և թունելներով:

Պատգամավոր Հրանտ Բագրատյանը հայտարարեց, որ վարկը լավն է, բայց ինքը դեմ է դրան, քանի որ կա վարկի արդյունավետություն՝ դրա ժամկետի ավարտից հետո ինչ արդյունք ենք ունենալու: Նրա խոսքով՝ խնդիրն այն չէ, թե վարկերը պետք են, թե ոչ, այլ այն, թե այդ վարկերն ինչքանով են պետք: Օրինակ, Հ. Բագրատյանի գնահատականով, Հյուսիս-Հարավը բացարձակ սխալ ռազմավարությամբ է իրացվում, քանի որ նախ ասվում էր 500 մլն դոլարով կկառուցվի, հետո դարձավ 1 մլրդ, այս վարկով ավելանում է ևս 113 մլն, ստացվում է, որ 1 կմ ասֆալտը 6-7 մլն դոլար արժի, ինչն անհանդուրժելի է և 2-3 անգամ բարձր է, քան Եվրոպայում: Նա նշեց, որ Հյուսիս-Հարավի շինարարությունը պետք էր սկսել ոչ թե Արարատի հատվածից, այլ Կապանի թասից, Մեղրիի հատվածից:

«Այս ամռանը ես երկու շաբաթ եղել եմ Արևմտյան Հայաստանում, մեքենայով պտտվել եմ: Թյուրքգյոզիով որ մտնեք, կտեսնեք Արդահանից սկսվում է ճանապարհ՝ 2 հատ էն կողմ, 2 հատ էս կողմ, որտեղ թունել կա, թունելն անպայման 2 ծակ ունի իրանց մոտ, ու էդ ճանապարհով պարսակական մեքենաները վըզը-վըզը գնում են, մտնում են Թյուրքգյոզիով, գալիս են Արարատի հետևով, Իգդիրով, Բայազետով չհասած Վան թեքվում են Մակու քաղաքը, և դա տրասսա ա, ամբողջ բեռնատար տրաֆիկը թուրքերը խլեցին մեզանից Իրանի հետ, էն դեպքում, երբ դա մեզնով պետք է անցներ, որովհետև մենք չենք կառուցել սա»,- ասաց Հ. Բագրատյանը:

Կարդացեք նաև

Վարկային սխալ ռազմավարության հետևանքով, ըստ Հ. Բագրատյանի, ՀՀ տնտեսությունը չի աճում, իսկ արտաքին պարտքն ավելանում է: Նա կասկած հայտնեց, որ վարկերի մի մասը պարզապես «օբնալիչկա» է արվում և դուրս տարվում: Հիշեցնելով Տիգրան Սարգսյանի օֆշորային համբավն ու «Նաիրիտի» համար վարկեր վերցնելը, Հ. Բագրատյանը տարակուսանք հայտնեց, թե ինչպես է այժմ նա պաշտոնի բարձրացում ստանում. «Ինչի՞ն հավատանք, մենք ինչի՞ն կարող ենք հավատալ»:

Պատգամավորի ելույթից հետո ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նկատեց, թե և՛ լսելն էր հեշտ, և՛ կռահելը, բայց անձերն էնպիսին են, որ շատ հետո են գլխի ընկնում: Բագրատյանի արձագանքին՝ «գնա գործիդ», Սահակյանը հակադարձեց. «Գործ չեմ ճարել, դրա համար ստեղ նստած եմ, ի՞նչ ես ուզում ինձանից»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս