Այովայի փրայմերիզում Հիլարի Քլինթոնը Բեռնի Սանդերից առաջ է անցել տոկոսային նվազագույն տարբերությամբ
Հիլարի Քլինթոնը, որը պայքարում է Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու առաջադրվելու համար, նախօրեին նվազագույն տարբերությամբ է առաջ անցել իր գլխավոր մրցակցից՝ Բեռնի Սանդերից Այովա նահանգի ընտրողների քվեարկության ժամանակ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Այովայում ներկուսակցական հավաքի ժամանակ ԱՄՆ նախկին պետքարտուղարը ստացել է քվեարկությանը մասնակցածների 49,8%-ի աջակցությունը, Վերմոնտից անկախ սենատորը՝ 49,6%-ի:
Դեմոկրատական կուսակցության նախագահի երրորդ թեկնածուն՝ Մերիլենդի նախկին նահանգապետ Մարտին Օ‘Մելլին, դուրս է եկել հետագա պայքարից, ինչը խաչ է քաշել նրա նախագահական հավակնությունների վրա:
Նշենք, որ Քլինթոնն արդեն երկրորդ անգամ է մասնակցում Այովայի մրցույթին: 2008թ. նա այնտեղ մրցել էր Բարաք Օբամայի հետ ու զիջել ԱՄՆ ապագա նախագահին:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության առաջին ներկուսակցական ընտրությունները Այովա նահանգում ցրել են Դոնալդ Թրամփի անպարտելիության մասին միֆը, ով առաջին տեղը զիջել է Տեխասի սենատոր Տեդ Կրուզին:
Այովայի փրայմերիզը բացեց քվեարկությունների սեզոնը ԱՄՆ-ում, որի արդյունքում երկու կուսակցությունները կորոշեն 2016թ. նոյեմբերին կայանալիք ընտրություններում ԱՄՆ նախագահական թեկնածուների իրենց հիմնական մասնակիցներին: Հաջորդ նախընտրական քվեարկությունը կանցկացվի Նյու Հեմփշիրում փետրվարի 9-ին: