Բաժիններ՝

ԱՄՆ-ում փրայմերիզը մեկնարկել է Թրամփի պարտությամբ ու Քլինթոնի հաղթանակով

ԱՄՆ նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության առաջին ներկուսակցական ընտրությունները Այովա նահանգում ցրել են Դոնալդ Թրամփի անպարտելիության մասին միֆը, ով առաջին տեղը զիջել է Տեխասի սենատոր Տեդ Կրուզին, հաղորդում է Euronews-ը:

Դեմոկրատական կուսակցությունում ԱՄՆ նախկին առաջին տիկին Հիլարի Քլինթոնը գրեթե «ոչ ոքի է խաղացել» սենատոր Բեռնի Սանդերսի հետ ու հետագա պայքարում մնացել է նրա հետ միայնակ: Դեմոկրատական կուսակցության նախագահի երրորդ թեկնածուն՝ Մերիլենդի նախկին նահանգապետ Մարտին Օ‘Մելլին, դուրս է եկել հետագա պայքարից:

Հանրապետական կուսակցության ֆավորիտների եռյակը բաղկացած է Թեդ Կրուզից, Դոնալդ Թրամփից ու Ֆլորիդայի սենատոր Մարկո Ռուբիոյից: Մեկնաբանելով քվեարկության արդյունքները՝ Կրուզը հայտարարել է, թե դրանք ապացուցել են մեկ բան՝ Հանրապետականների նախագահի թեկնածուին ընտրելու է ամերիկացի ժողովուրդը: Դոնալդ Թրամփը շնորհավորել է հաջողակ մրցակցին, սակայն վստահություն է հայտնել, որ հենց ինքն է լինելու նախագահի թեկնածուն ու հիշեցրել, որ հաջորդ փրայմերիզն անցկացվելու է Նյու Հեմփշիրում, որտեղ ինքը Կրուզից ավելի հայտնի է:

Իր հաջողությունը Նյու Հեմփշիրում մտադիր է ամրապնդել նաև Բեռնի Սանդերսը:
Այովայի նախնական ընտրություններում հաղթանակը ավելի շատ կրում է խորհրդանշական բնույթ, սակայն հենց մեկնարկից է կախված քարոզարշավի ավարտը, որը կտևի մինչև հուլիսի վերջ:

Այովայի փրայմերիզը բացեց քվեարկությունների սեզոնը ԱՄՆ-ում, որի արդյունքում երկու կուսակցությունները կորոշեն 2016թ. նոյեմբերին կայանալիք ընտրություններում ԱՄՆ նախագահական թեկնածուների իրենց հիմնական մասնակիցներին:
Հաջորդ նախընտրական քվեարկությունը կանցկացվի Նյու Հեմփշիրում փետրվարի 9-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս