Գեղարքունիքում անչափահասի սպանության գործը նորից կքննվի՞

2004թ. Գեղարքունիքի մարզում անչափահաս աղջկա սպանության գործով դատապարտված Նալբանդյանների պաշտպանը նոր երևան եկած հանգամանքի ուժով վճռաբեկ բողոք է ներկայացրել: Բողոքը ներկայացվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճռի հիմքով: Վճռաբեկ դատարանը 2015թ. դեկտեմբերի 24-ին վերաբացման վարույթ է սկսել:

Նալբանդյանների փաստաբան Սեդա Սաֆարյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նոր երևան եկած հանգամանք է դիտվել ստորադաս դատարանների կողմից իրավունքի խախտումների արձանագրումը ՄԻԵԴ-ի կողմից: Դատական նիստ դեռևս չի նշանակվել. «Ակնկալում եմ, որ գործը պիտի ուղարկվի նոր քննության, և վերացվեն խախտումները, որոնք ժամանակին թույլ են տրվել, դատարանում իրականացվի գործի արդարացի և պատշաճ հետազոտում, և անմեղ անձանց ազատեն քրեական պատասխանատվության ենթարկելու այս երկարատև ու երկարաշունչ հետապնդումներից»:

2004թ. հունվարին քրեական գործ էր հարուցվել 16-ամյա Սյուզաննայի սպանության դեպքով. սպանված աղջիկը Նալբանդյանների դստեր համադասարանցին է եղել. դին հայտնաբերվել է նրանց տանից ոչ հեռու: 2004թ. օգոստոսի 31-ին հաստատվել է այս գործով մեղադրական եզրակացությունը, և այն ուղարկվել է դատարան: Գործի քննության ընթացքում Նալբանդյան ամուսինները հերքել են իրենց մեղքը՝ նշելով, որ խոստովանական ցուցմունքներ տվել են վատ վերաբերմունքի արդյունքում: Բագրատ Նալբանդյանը դատապարտվել էր՝ 9 տարվա, նրա կինը` Նարինեն Նալբանդյանը` 14 տարվա ազատազրկման:

Նրանց դստեր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:

Կարդացեք նաև

Փաստաբան Ս. Սաֆարյանը երեկ մեզ հետ զրույցում ասաց, որ ՄԻԵԴ-ն այս գործով արձանագրել է արդար դատաքննության, արդյունավետ պաշտպանության իրավունքի, խոշտանգումների արգելքի խախտումներ՝ նշելով, որ այդ խախտումները որոշիչ են եղել, այդ խախտումներով ձեռք բերված ապացույցներն անթույլատրելի պետք է դիտվեն. «Իսկ սույն գործով, բացի ինքնախոստովանական ցուցմունքից՝ գրեթե այլ ապացույցներ, այլ հիմնավորումներ չկան, և կարծում եմ, որ գործը դրական ելք կունենա»:

Նրա խոսքով՝ դատական ակտերի հիմքում հիմնականում դրվել են խոստովանական ցուցմունքները. «Մենք և մեղադրանքի կողմը տարակարծություն ունենք՝ կապված մի փոքր ապացույցի հետ, բայց գտնում եմ, որ այդ ապացույցի ձեռքբերման հարցում էլ անելիք ունենք, դրա կապակցությամբ ամբաստանյալները բազմիցս հայտարարություն են արել, որ ապացույց է ձեռք բերվել կեղծ ճանապարհով: Ես գտնում եմ, որ այդ ապացույցի ուղղությամբ քննություն կտարվի, և կպարզվեն դրա ձեռքբերման աղբյուրները»:

Փաստաբանն ասաց, որ դեռ 2004թ., երբ Բ. Նալբանդյանին տարել են Ոստիկանություն և ցանկացել գործարքի գնալ, որ նա իր վրա վերցնի սպանությունը, Ն. Նալբանդյանն ակտիվորեն պայքարել է ամուսնուն Ոստիկանությունից բաց թողնելու համար. «Վերադաս մարմիններին դիմումներ է հղել, բավականին աղմկոտ վարք է դրսևորել, անգամ հետաքրքրություն է դրսևորել հայտնաբերելու այն անձանց, ում կասկածել է հանցագործության կատարման մեջ: Այդ տեսանկյունից Ն. Նալբանդյանի դերը բավական ակտիվ է եղել»: Փաստաբանի խոսքով՝ գործի քննության ընթացքում հայտարարություններ են հնչել այն մասին, որ ինքնախոստովանական ցուցմունքների ձեռքբերման վրա ազդել է Նալբանդյանների դստերն օրեր շարունակ Ոստիկանությունում պահելը, տանել-բերելը, սպառնալիքները: «Անպատժելի իրավիճակ է եղել Ոստիկանությունում: Մարդկանց մոտ տպավորություն է ստեղծվել, որ այդ ժամանակվա բաժնի պետն ամենակարողն է և ամեն ինչի ունակ է: Այս առումով մարդկանց մոտ վախը գուցեև ռեալ է եղել, ես չեմ կարող ասել:

Այն ժամանակվա իրավիճակի համար ռեալ է եղել: Այսօր կարող է՝ նրա դիրքերը թուլացել են, այս տեսանկյունից մի փոքր հեշտանա մարդկանց խոսելը: Բայց դեռ նախաքննության, դատաքննության ընթացքում դիմումների բովանդակությունից երևում է, որ անվանական նշվել է, թե ովքեր են խոշտանգում կատարել իրենց նկատմամբ, այդ թվում՝ Ոստիկանության, օպերատիվ աշխատողներ, Դատախազության համակարգի աշխատող: Բոլորը խառնվել են այս պատմությանը:

Իհարկե, ես ուզում եմ նաև հասկանալ, թե ինչն է պատճառը, որ այս սպանության կոծկման գործում այսքան ուժեր են համագործակցել, և կարծում եմ, որ նոր քննությամբ դրան ևս անդրադարձ կկատարվի, որովհետև այս ուժերի ազդեցության արդյունքում է, որ Ն. Նալբանդյանը չի դիմացել՝ իր աղջկան բաժնում պահելու, ամուսնուն ծեծի ենթարկելու հանգամանքները տեսնելով, և ընդունել է մի բան, որն ինքը չի արել»:
Փաստաբանն ասաց, որ փոխադարձ ծեծկռտուքը և դաժան վերաբերմունքը հանգեցրել են նրան, որ նրանք, մեկը մյուսի վիճակով պայմանավորված, ընդունել են այդ սպանության կատարումը:

Ս. Սաֆարյանի խոսքով՝ ներպետական ատյանները՝ որպես սպանության շարժառիթ, դիտել են նախանձը. Նալբանդյանների դուստրը՝ Արևիկ Նալբանդյանը, ու սպանված Սյուզաննան համադասարանցիներ են եղել. փաստաբանի խոսքով՝ իբր Ա. Նալբանդյանը նախանձել է Սյուզաննային:

Նշենք, որ Ն. Նալբանդյանը դեռևս կրում է պատիժը. «Որևէ մեկը միջոց չի ձեռնարկում՝ այս հարցն ավելի հրատապ լուծելու համար: Այսինքն՝ գործը գոնե մի քիչ արագ լսեին, գոնե մի փոքր տեմպ տեսնեիր, որ տեսնեիր՝ տրամադրվածություն կա ինչ-որ բան բացահայտելու այս գործով: Այս տեսանկյունից, իհարկե, ներպետական դատարանները շարունակում են նույն դժվար և անցանկալի վարքագիծը դրսևորել»:

Նշենք, որ ՄԻԵԴ-ը Հայաստանի կառավարությանը պարտավորեցրել էր դիմումատուներին, որպես ոչ նյութական վնասի փոխհատուցում՝ վճարել ընդհանուր առմամբ 62 հազար եվրո:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս