«Երևան սիթիում», զորամասերում ու պարենային պահեստներում ստուգումների արդյունքները հայտնի են

ՀՀ ԶՈՒ բոլոր զորամասերում ու պարենային պահեստներում և «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցում իրականացված ստուգումների  արդյունքները հայտնի են:

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից 168.am-ին հայտնեցին, որ ուսումնասիրությունների ընթացքում նշված սուպերմարկետների ցանցում վաճառքի ոչ ենթակա, ՀՀ ԶՈՒ կարիքների համար նախատեսված խտացրած կաթ չի հայտնաբերվել, բացի այդ, որևէ տվյալ ձեռք չի բերվել նման ապրանքի վաճառքի վերաբերյալ: Միևնույն ժամանակ՝ ՀՀ ԶՈւ բոլոր զորամասերում և պարենային պահեստներում խտացրած կաթ ապրանքատեսակի պակասորդ չի հայտնաբերվել:

Երեկ Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրառում և լուսանկար էր հայտնվել այն մասին, որ «Երևան սիթի» խանութների ցանցում վաճառվում է զինվորների համար նախատեսված խտացրած կաթ, որը վաճառքի ենթակա չէ:

«Երևան սիթի» սուպերմարկետների ցանցը, սակայն, իր տարածած հաղորդագրության մեջ նշել էր, որ համացանցում մի քաղաքացի, ով ներկայացել էր Լիդա Վարդանյան անուն-ազգանունով, անհասկանալի շահագրգռվածությամբ ակնհայտորեն ֆոտոմոնտաժ է արել խտացրած կաթի տուփի վրայի երկնագույն թուղթը և հայտարարում է, թե «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցում վաճառվում է զինվորների համար նախատեսված՝ վաճառքի ոչ ենթակա խտացրած կաթ:
«Պաշտոնապես հայտարարում ենք, որ այդ տեղեկությունը սուտ է:

«Երևան սիթի» սուպերմարկետների ցանցում խտացրած կաթի տեսականու պակաս չկա, և մենք ամենևին անհրաժեշտություն չունենք համալրել այն, առավել ևս՝ նման ծագում ու նպատակ ունեցող արտադրատեսակներով»։

Տեսանյութեր

Լրահոս