
Ստուգումներ ՀՀ պաշտպանության նախարարության պարենամթերքի պահեստներում և «Երևան սիթիում»

Զինվորական դատախազությունն ու Ռազմական ոստիկանությունը ստուգումներ են իրականացնում ՀՀ պաշտպանության նախարարության պարենամթերքի բոլոր պահեստներում և «Երևան սիթի» խանութների ցանցում։ Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից՝ նշելով, որ արդյունքների մասին կհայտնեն։
Նշենք, որ Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրառում և լուսանկար էր հայտնվել այն մասին, որ «Երևան սիթի» խանութների ցանցում վաճառվում է զինվորների համար նախատեսված խտացրած կաթ, որը վաճառքի ենթակա չէ:
«Երևան սիթի» սուպերմարկետների ցանցը, սակայն, իր տարածած հաղորդագրության մեջ նշել էր, որ համացանցում մի քաղաքացի, որը ներկայացել էր Լիդա Վարդանյան անուն-ազգանունով, անհասկանալի շահագրգռվածությամբ ակնհայտորեն ֆոտոմոնտաժ է արել խտացրած կաթի տուփի վրայի երկնագույն թուղթը և հայտարարում է, թե «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցում վաճառվում է զինվորների համար նախատեսված վաճառքի ոչ ենթակա խտացրած կաթ:
«Պաշտոնապես հայտարարում ենք, որ այդ տեղեկությունը սուտ է: «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցում խտացրած կաթի տեսականու պակաս չկա, և մենք ամենևին անհրաժեշտություն չունենք համալրել այն, առավել ևս՝ նման ծագում ու նպատակ ունեցող արտադրատեսակներով»։