Արփինե Հովհաննիսյանը բահրեյնցի ակտիվիստին չի արտահանձնել

Բահրեյնի Թագավորության քաղաքացի Ռադհի Ֆադհել Աբբաս Ահմեդ Ալին ազատ է արձակվել: Ռադհի Ֆադհել Աբբաս Ահմեդ Ալին այս տարվա հունվարին ձերբակալվել էր Ոստիկանության կողմից, ապա 30 օրով կալանավորվել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ:

168.am-ի հարցին ի պատասխան՝ ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնեցին, որ հանձնումը պետությունների միջև իրականացվում է միջազգային պայմանագրերին համապատասխան:

Բահրեյնի Թագավորության և Հայաստանի Հանրապետության միջև երբևէ չեն կնքվել և չեն գործում հանձնման կամ արտահանձնման վերաբերյալ միջազգային երկկողմ կամ բազմակողմ պայմանագրեր: Համապատասխանաբար, ՀՀ արդարադատության նախարարությունը, չունենալով Բահրեյնի Թագավորության քաղաքացի Ռադհի Ֆադհել Աբբաս Ալիին՝ Բահրեյնի Թագավորությանը հանձնելու համար անհրաժեշտ միջազգային պայմանագրային հիմք, առաջնորդվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 54.1 գլխի համապատասխան դրույթներով, որոնցով կարգավորվում է քրեական գործերով իրավական օգնությունը միջազգային պայմանագրերի բացակայության դեպքում:

Հիշեցնենք, որ համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 482-րդ հոդվածի՝ ՀՀ արդարադատության նախարարությունը կարող է ուսումնասիրել Բահրեյնի Թագավորության հանձնման միջնորդությունը դիվանագիտական ուղիներով հանձնումը փոխադարձության հիման վրա իրականացնելու մասին երկու պետությունների միջև համաձայնություն ձեռք բերելուց հետո:

Ըստ ՀՀ ԱՆ-ի՝ Բահրեյնի Թագավորության իրավասու մարմիններից Ռադհի Ֆադհել Աբբաս Ահմեդ Ալիի հանձնման խնդրանքը ստացվել է ոչ դիվանագիտական ուղիներով, որի ուսումնասիրության արդյունքում դրանում հայտնաբերված մի շարք թերությունների մասին վերջիններս տեղեկացվել են:

Հաշվի առնելով վերոգրյալը և ելնելով ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հիմքերի բացակայությունից՝ ՀՀ արդարադատության նախարարը Ռադհի Ֆադհել Աբբաս Ալիի հանձնման միջնորդությամբ ՀՀ իրավասու դատարան չի դիմել:

Այսպիսով, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ նշանակված 30-օրյա կալանքի ժամկետը լրանալուց հետո Ռադհի Ֆադհել Աբբաս Ալին ազատ է արձակվել. վերջինիս հանձնումը Բահրեյնի Թագավորության իրավասու մարմիններին որևէ այլ հիմքով՝ բացառվում է:

Նշենք, որ միջազգային մի շարք իրավապաշտպան կազմակերպություններ հանդես էին եկել հայտարարությամբ՝ նշելով, որ բազմաթիվ անկախ և միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ հաստատել են, որ «Բահրեյնի դատական համակարգը չափազանց կողմնակալ է և շարունակաբար օգտագործում է իր իշխանությունը իրավապաշտպան և քաղաքականապես ակտիվ քաղաքացիներին ճնշելու համար»:

Կազմակերպությունները նշել էին, որ Ռադհիի նկատմամբ Բահրեյնի դատական համակարգի կողմից ներկայացված մեղադրանքներն ու հրամանները չպետք է միանշանակ ընդունվեն, և ՀՀ իշխանություններին և Ինտերպոլին կոչ էին արել՝ հաշվի առնել սա:

Իրավապաշտպան այդ կազմակերպություններն էին՝ Մարդու իրավունքների Բահրեյնի ֆորումը, Խիամ Խոշտանգումներից տուժածների վերականգնման կենտրոնը, Արդար դատաքննության և մարդու իրավունքների միջազգային խորհուրդը, Մարդու իրավունքների արաբական կոմիտեն, Մարդու իրավունքների Եվրոպական-Բահրեյնական կազմակերպությունը, Արդարություն իրավապաշտպան կազմակերպությունը, Իրավունքների և ազատությունների աջակցության միջազգային կենտրոնը, ՍԱԼԱՄ հանուն ժողովրդավարության և մարդու իրավունքների կենտրոնը, Մարդու իրավունքների և ժողովրդավարության մեդիա կենտրոնը, «Օման» Մարդու իրավունքների ուսումնասիրությանի կենտրոնը, «Աման» Մարդու իրավունքների պաշտպանության և վերականգնման ցանցը:

Տեսանյութեր

Լրահոս