Բաժիններ՝

Մեղադրանք է առաջադրվել թիվ 1/05 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամին

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել է թիվ 1/05 ընտրատեղամասում այլ անձանց փոխարեն քվեարկություն կատարած անձի ինքնությունը:

Քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ թիվ 1/05 ընտրատեղամասի ընտրողների ցուցակներում ընդգրկված, նույն հասցեում հաշվառված Մարինե Վարդանյանի և Նաիրա Առուստամյանի փոխարեն քվեարկել է նույն տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամը։

Նախնական քննության տվյալներով՝ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքում թիվ 1/05 ընտրատեղամասի հանձնաժողովի անդամ Ա.Աթայանը նույն տեղամասի ընտրողներ Մ.Վարդանյանի և Ն.Առուստամյանի տվյալների դիմաց գրառել է նույնականացման քարտերի մտացածին տվյալներ, մատյանում ստորագրել վերջիններիս փոխարեն, ապա երկու քվեաթերթիկ գցել քվեատուփը` այդ կերպ քվեարկելով այլ անձանց փոխարեն:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Ա.Աթայանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 153-րդ հոդվածով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս