Բաժիններ՝

Երեխային գրկեցի, դուրս վազեցի, ասացի` ինչ գնով էլ լինի, փրկելու ենք. ի՞նչ է տեսել բուժքույրը Ավետիսյանների տանը. news.am

news.am-ը գրում է. 2015թ. հունվարի 12-ին Գյումրիում սպանված Ավետիսյանների տուն զինվորական համազգեստով որեւէ մեկը երբեւէ չի այցելել: Այս մասին այսօր` հունվարի 29-ին, դատարանում հայտարարեց Ավետիսյանների հարեւանուհին, գործով վկա Ռուզաննա Հակոբյանը:

Հարեւանուհին նշեց, որ իրենց տունը Ավետիսյանների տնից 2 տուն հեռու է, բացի դրանից ինքն աշխատում է նրանց տան մոտ գտնվող խանութում: Այդ օրը առավոտյան 10:10-ի մոտ մի կին մտել է իրենց խանութ եւ խնդրել, որ «Շտապօգնություն» կանչեն, այդ կինը Ռիտա Պետրոսյանն էր` սպանված Հասմիկ Ավետիսյանի քույրը, որն առաջինն է գտել ընտանիքի սպանված անդամներին: Հարեւանուհին պատմեց, որ առավոտյան Ավետիսյանների տան կողքով անցնելիս ոչ մի տարօրինակ բան չի նկատել:

Այսօր վկայություն տվեց նաեւ Գյումրիի «Շտապօգնության» բուժքույր Գայանե Մելքոնյանը, նա պատմեց, որ «Շտապօգնությունում» ահազանգը ստացվել է ժամը կեսօրին մոտ, ահազանգել են, որ Մյասնիկյան 188 հասցեում շմոլ գազից թունավորվածներ կա: Դեպքի վայր հասնելուց հետո առաջինը հենց Գայանե Մելքոնյանն է մտել Ավետիսյանների տուն.

«Ես մենակ վերցրել եմ իմ պայուսյակը, մտել եմ առաջին սենյակը, վերմակը մի քիչ հեռու տարած պառկած էր մի կին, տեսա, որ արյան չորացած հետքեր կային, հասկացա, որ գազի թունավորում չէ: Հետո առաջ գնացի սենյակներով, տեսա մի կին ու տղամարդ, էլի արյան չորացած հետքերով, մոտեցա տեսա, որ սառած է, գնացի առաջ մի մեծ տախտա կար, տեսա, որ կին ու տղամարդ կար պառկած վրան, կնոջ մազերը գզգզված էին, վզի հատվածում արյունոտ էր, վերմակը վերցրի, էդ կնոջ գրկում երեխա կար, էլի արյունոտ, հետո մանկական մահճակալում երեխա կար, միայն ինքն էր ողջ: Երեք հատ կտրած վերք կար վրան: Զանգեցի դիսպետչերին, որ ոստիկանություն կանչեն, ես երեխային գրկեցի ու դուրս վազեցի, ասացի ինչ գնով էլ լինի պիտի փրկենք էս երեխային, տարանք հիվանդանոց: Տուն, որ մտա մութ էր, դարպասն էլ էր բաց, տան դուռն էլ»,-պատմեց բուժքույրը:

Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայում տեղակայված դատական նիստերի դահլիճում շարունակվում է վկաների հարցաքննությունը, նշենք, որ ընդմիջումից հետո տուժողի իրավահաջորդները` Ավետիսյանների 2 դուստրերը դատական նիստին չեն մասնակցում, ընդմիջումից հետո հեռացել են:

Մանրամասներն` այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս