«Որ տգիտության շտեմարան ենք դարձել, ո՞վ է մեղավոր». Ստյոպա Սաֆարյան
«Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունից հետո հասկացա, որ զեկույցներից մեկն ուղղակի չի ընդունվելու, և այդպես էլ եղավ: Շաբաթներ առաջ արդեն գիետի, որ Ուոլթերի զեկույցը, որն ական էր Մինսկի խմբի տակ, չի ընդունվելու: Այսինքն՝ այն զեկույցը, որը խանգարում էր ԵԱՀԿ ՄԽ-ին ու բանակցային գործընթացին, չընդունվեց, այն զեկույցը, որն այդքան էլ չէր հարվածում, ընդունվեց: Սա արդեն ցույց է տալիս, թե ինչն է հիմնականում ազդել, որովհետև եթե հայկական պատվիրակության ջանքերն ազդած լինեին, ուրեմն պետք է երկուսն էլ չընդունվեին»,- այսօր հրավիրված ասուլիսին նշեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ Ստյոպա Սաֆարյանը:
168.am-ի հարցին՝ ինչո՞ւ էին ԵԽ ԽՎ պատգամավորները սևեռվել Մինսկի խմբի գործունեության վրա՝ կասկածի տակ դնելով այն, այն դեպքում, երբ ադրբեջանական քարոզչամեքենան է մշտապես նման մեղադրանքներ հնչեցնում Մինսկի խմբի հասցեին, փորձագետը պատասխանեց.
«Անցած տարիներին մեռանք կրկնելով, որ՝ իմացեք, թե Մինսկի խմբից ինչ եք պահանջում ու ինչ չեք պահանջում: Չանել սեփական քայլերը, որոնք դու պարտավոր ես անել և որոնք դու իրավունք ունես անել, և պահանջել Մինսկի խմբից՝ խախտել հավասարակշռություն ու դառնալ դահիճ Ադրբեջանի գլխին, էլի քաղաքագիտական տգիտության հետևանք է: Բրոքերները երբեք որևէ մեկի կողմը չեն անցնում: Չիմանալ այսպիսի տարրական ճշմարտություն ու անընդհատ մեղադրել ՄԽ-ին՝ դու սա չես անում, դու նա չես անում, դու չես պահում հավասարակշռությունը, սխալ է:
ՄԽ-ն, մասնավորապես՝ նրա ամերիկյան համանախագահը, մի քանի անգամ ազդանշան տվեց, ասաց՝ ուզում ենք միջադեպերի հետաքննության մեխանիզմ ստեղծել, բայց խոչընդոտողներ կան, ովքե՞ր են այդ խոչընդոտողները, չփորձեցին պարզել, չփորձեցին այդ լուծումները գտնել: Եթե ուղղակիորեն ՄԽ-ն ու ամերիկյան կողմը չկարողացան խնդիրները լուծել, անուղղակիորեն հասկացրին, որ լուծման ճանապարհներ կան, եկեք լուծենք այդ խնդիրը: Բազում գործիքների ծանոթ չեն: Այդ ո՞նց է՝ Ադրբեջանը կարող էր 2000-ականների կեսերին փաստահավաք անցկացնելու խնդիր բարձրացնել և հասնել նրան, որ փաստահավաք զեկույց լինի ԼՂՀ տարածքում վերաբնակեցումների ու դրա թվերի մասին, մենք չէի՞նք կարող: Որ մեխանիզմով Ադրբեջանն արեց՝ նույնով էլ դուք փաստահավաք պահանջեիք, թող գային, արձանագրեին բոլոր փաստերը, չարեցինք դա: Այն, որ տգիտության շտեմարան ենք դարձել, ո՞վ է մեղավոր»: