Բաժիններ՝

Ռուսաստանը չեղյալ է հայտարարել Թուրքիայի համար գազի սակագնի զեղչը. Reuters

Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը չեղյալ է հայտարարել թուրքական մասնավոր ընկերությունների համար արված գազի սակագնի զեղչը, հայտնում է թուրքական Daily Sabah պարբերականը՝ հղում կատարելով տեղի պաշտոնյաներին:

Տվյալների համաձայն՝ թուրքական 6 ընկերությունները, որոնք Ռուսաստանից ներկրում են 10 մլրդ խմ գազ, զրկվել են 10,25%-անոց զեղչից, որը գործում էր 2015թ. հունվարի 1-ից:

Պաշտոնյաների խոսքով՝ «Գազպրոմը» ու թուրքական մասնավոր ընկերությունների ներկայացուցիչները հանդիպել են հունվարին՝ քննարկելու տվյալ հարցը, սակայն զեղչի վերադարձի հարցը նորից օրակարգում կլինի այն բանից հետո, երբ երկու երկրների միջև կարգավորվեն հարաբերությունները, որոնք վատթարացել են Թուրքիայի կողմից ռուսական «Սու-24» ինքնաթիռը խոցելուց հետո:

Թուրք պաշտոնյաները հաստատել են տվյալ տեղեկությունը Reuters-ի հետ զրույցում: Թուրքիան ողջ 2015թ. ընթացքում փորձում էր Մոսկվայից զեղչ ստանալ Botas ընկերության համար, հիշեցնում է գործակալությունը:

Ռուսաստանը զեղչ էր խոստացել «Թուրքական հոսք» գազատարի նախագծի շրջանակում, սակայն, ըստ Reuters-ի, արտոնություններն այդպես էլ ուժի մեջ չէին մտել, իսկ նախագիծը սառեցվել էր՝ կապված Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերությունների վատացման ֆոնին:

Հիշեցնենք, որ անցած աշնանը Թուրքիան, լինելով ռուսական գազի՝ մեծությամբ երկրորդ գնորդը, հայց էր ներկայացրել «Գազպրոմի» դեմ արբիտրաժային դատարան՝ պահանջելով վերանայել վառելիքի մատակարարման պայմանագրի պայմանները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս