«Առավոտյան 6:20 էր, ուժեղ գմփոց առա…». Ավետիսյանների բակում բնակվող բարեկամուհին լսել է նաեւ փոքրիկ Սերյոժայի լացի ձայնը. ԳԱԼԱ
Գյումրիում շարունակվում է Ավետիսյանների սպանության գործով դատաքննությունը, որի ընթացում, ըստ ԳԱԼԱ-ի՝ դահլիճ է հրավիրվել վկա Կարինե Ավետիսյանը, ով բնակվել է Մյասնիկյան 188 հասցեում:
«Առավոտյան 6:20 էր, ուժեղ գմփոց առա: Քնիցս արթնացա, ըսեցի՝ ինչ երկրաշարժ է: Լույսը վառեցի, շալ կար, քցեցի վրես դուրս եկա, մի փոքր կանգնեցի դրսում, շատ մութ էր մեր հայաթը, կանգնեցի մի քիչ ու նորից ներս եկա, պառկա քնելու»,- պատմել է վկան:
Նա մի քանի անգամ նշել է, որ մտածել է, որ երկրաշարժ է: Վախեցել է, ստուգել է ջահերը, որոնք չեն շարժվել: Ավետիսյանների տան կողմն է նայել, շատ մութ է եղել: Վախեցել է առաջ գնալ: Առավոտյան էլ, երբ արթնացել է, արտառոց որեւէ բան չի նկատել բակում: Միայն թաշկինակ է տեսել:
«Եթե զգայի, որ բան կկատարվի, առաջինը իրենց կկանչեի»,- ասաց Կարինե Ավետիսյանը:
Երեխաների ձայն էլ չի լսել, «անգամ մի շշուկ չի եղել», Ավետիսյանների տան լույսերն էլ է մարված եղել:
Ժամը 8.30-ի սահմաններում գնացել է աշխատանքի: Հանդիպել է հարեւանին, հարցրել, թե զգացե՞լ է, որ ուժեղ երկրաշարժ է եղել, ստացել է պատասխան, որ չեն լսել: Աշխատավայրում եւս հայտնել է, որ երկրաշարժ է եղել:
Մեղադրող դատախազը հարցրեց, թե երբ է իմացել միջադեպի մասին: Կարինեն պատմեց, որ քույրն է զանգել եւ հայտնել է, որ «Սերյոժայենց ընտանիքը սպանված է»:
Փաստաբան Լուսինե Սահակյանը լուսավորության մասին հարցեր տվեց, թե արդյոք սպանված Ավետիսյանների տունը լուսավորվա՞ծ է եղել: Կարինեն նշեց, որ շատ մութ է եղել, Ավետիսյանների տանը եւս լույս չի նկատել: Երեխաների ձայնի վերաբերյալ հարցին այլ պատասխան տվեց վկան, որ երբ դուրս է եկել տանից եւ կանգնել մի քանի րոպե, մի ակնթարթ լսել է փոքրիկ Սերյոժայի լացի ձայնը: Որեւէ բան չի կասկածել, առաջ չի գնացել, վախեցել է: Ամանորյա զարդարված լույսերին էլ ուշադիր չի եղել: Հիշում է միայն, որ դուրս գալու պահին շատ մութ է եղել:
Կարինե Ավետիսյանը նաեւ վրդովված հայտարարեց, որ եթե ինքն ինչ-որ բան կասկածեր, առաջինն օգնության կկանչեր հորեղբոր ընտանիքին, քանի որ ոչինչ չի կասկածել, որեւէ մեկին հարկ չի համարել անհանգստացնել, մտածել է պետք չէ խանգարել քունը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: