Դիզելային վառելիքը գյուղացիական տնտեսություններին կտրամադրվի 280 դրամով

ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում հաստատվեց հողօգտագործողներին 2016թ. գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը:

Նախագիծը կառավարության նիստի ընթացքում ներկայացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ով նշեց, որ 2016թ. գյուղատնտեսական աշխատանքների համար հողօգտագործողների դիզելային վառելանյութի պահանջարկը բավարարելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել հանրապետություն ներկրել 6 մլն լիտր դիզելային վառելիք: «Նախ՝ պետք է ասեմ, որ չափաքանակի կողմնորոշիչը եղել է վերջին տարիներին օգտագործված դիզելային վառելիքի միջին քանակը, որը կազմում է մոտավորապես 6 մլն լիտր, և եթե մինչև այդ պահուստային պետական ֆոնդից էին տրվում գումարները, ապա այս տարվա համար պետական բյուջեում դիզելային վառելիքի ձեռքբերման համար նախատեսված է 330 մլն դրամ սուբսիդիա: Դիզելային վառելիքի ձեռքբերումն իրականացվել է մրցակցային հիմունքներով՝ նվազագույն շահավետ գին որոշելու համար: Մենք դիմել ենք ներկրող 6-7 կազմակերպությունների, որոնցից գնային առաջարկներ են ներկայացրել 3 կազմակերպություն:

Այնուհետև 3 փուլով բանակցությունների արդյունքում նվազագույն գինը տվել է «Ֆլեշ» կազմակերպությունը՝ 335 դրամ, «Մաքս Հուր» կազմակերպությունը՝ 360 դրամ, իսկ «CPS corporation»-ը գինը չի իջեցրել և թողել է նախկին գինը: Վերջնական արդյունքում՝ հաղթող է ճանաչվել «Ֆլեշ» ընկերությունը՝ 335 դրամ ներկրման գնով: 335 դրամից 70 դրամը պետք է սուբսիդավորվի պետության կողմից՝ 330 մլն-ի չափով, իսկ գյուղացիական տնտեսություններին դիզելային վառելիքը կտրվի 280 դրամով»,- ասաց Սերգո Կարապետյանը՝ նշելով, որ գյուղացուն դիզելային վառելիքը կտրամադրվի նախորդ տարվանից 70 դրամ ցածր գնով:

Տեսանյութեր

Լրահոս