
Իսրայելը, Հունաստանն ու Կիպրոսը մտադիր են ընդհանուր գազատար կառուցել. ԶԼՄ-ներ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսն ու Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը հայտարարել են գազատարի շինարարության մասին, որը կմիավորի երեք պետություններն էլ ու դուրս կգա Եվրոպայի արտահանման շուկան, գրում է The Algemeiner թերթը:
Հանդիպումը կայացել է Կիպրոսի Նիկոսիայում: Մասնավորապես, Նեթանյահուն հայտարարել է, որ այդ հանդիպումը համարում է պատմական, և «վերջին անգամ հույները, կիպրոսցի հույներն ու հրեաները ընդհանուր սեղանի շուրջ են նստել ու խոսել 2000 տարի առաջ»:
Նա չի բացառել նաև երեք երկրներն ընդհանուր էլեկտրացանցերով միավորելու հնարավորությունը: Ի պատասխան՝ Ցիպրասը հայտարարել է, որ Իսրայելի ու Կիպրոսի հետ համագործակցությունը «ռազմավարական ընտրություն» է Հունաստանի համար:
Պարբերականը, սակայն, չի նշում աղբյուրը, որտեղից պլանավորվում է իրականացնել գազամատակարարումը:
Վերլուծաբանները կանխատեսել են, որ խոսքը այն երեք գազային հանքավայրերի մասին է, որոնք բացվել էին Իսրայելի տարածքային ջրերում ու Միջերկրական ծովի արևելյան մասում: