Ես վստահ եմ, որ Հայաստանում քաղբանտարկյալներ պարզապես չկան. Արփինե Հովհաննիսյան
ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ամենօրյա ռեժիմով հետաքրքրվում է Գևորգ Սաֆարյանի ճակատագրով.
«Շատ լավ տեղեկացված եմ՝ յուրաքանչյուր օր ի՞նչ է եղել, ինչպե՞ս է եղել և իմ անձնական հսկողության տակ է այդ մարդը: Ստուգումներ եղել են, որևէ բռնաճնշում նրա նկատմամբ չի եղել, դժգոհություններ սկզբում եղել են խցի հետ կապված: Թե՛ դիտորդական խումբն է նրան այցելել և թե՛ իրավապաշտպան կազմակերպություններ նրա հետ զրուցել են , այդ պահի դրությամբ երբ նա եղել է խցում, ասել է, որ այդ պահին ամեն ինչ իր մոտ նորմալ է, ու եթե ամեն ինչ այդպես լինի, որևէ խնդիր չի լինի: Եվ մինչև այս պահը որևէ դժգոհություն չկա նրանից»:
Նախարարը նշեց, որ երբ անձը հայտարարում է հացադուլ, միջազգային չափանիշներին համապատասխանում է նրան մեկուսացնելը, որովհետև դիտարկվում է անմարդկային վերաբերմունք, երբ հացադուլ հայտարարած անձը գտնվում է միևնույն խցում այն անձնանց հետ, ովքեր հացադուլ չեն հայտարարել.
«Դա նշանակում է, որ նրա աչքի առջև կարող են հաց ուտել , ինչն սկզբունքորեն միջազգային չափանիշներին չի համապատասխանում: Հացադուլ հայտարարելուց հետո Գևորգ Սաֆարյանը տեղաափոխվել է խուց, որտեղ գտնվում են այլ հացադուլ հայտարարած անձինք: Կարող եմ ասել, որ այս պահի դրությամբ որևէ խնդիր չկա: Ես ասում եմ այն, ինչ գիտեմ, որ որևէ բռնաճնշում չի եղել նրա նկատմամբ»:
Հարցին, թե Գևորգ Սաֆարյանը քաղաքական բանտարկյա՞լ է, նախարարը պատասխանեց, որ քաղբանտարկյալ չէ.
«Ես վստահ եմ, որ Հայաստանում քաղբանտարկյալներ պարզապես չկան»:
Իսկ հարցին՝ տեսե՞լ է ամանորյա կադրերը, ոստիկանական բռնություն այնտեղ կա՞, Ա. Հովհաննիսյանը պատասխանեց.
«Ճիշտն ասած՝ չգիտեմ՝ ինչ կադրերի մասին եք խոսում, երբ տեսնեմ, բնականաբար, գնահատական կտամ: Տեսանյութը չէ այն չափանիշը, որով եզրահանգման գամ՝ քաղաքական բանտարկյալ է, թե ոչ»:
Պատասխանելով ՔԿՀ-ներում վերջին ամսվա ինքնասպանությունների դեպքերի մասին հարցին, թե արդյո՞ք բռնություն եղել է նրանց նկատմամբ, նախարարը նշեց, որ նախաքննություն է իրականացվում, որից հետո ամեն ինչ պարզ կդառնա.
«Ես այս պահին կրկին զերծ կմնամ մեկնաբանություն տալուց»:
Իսկ հարցին՝ մտհոգիչ չէ՞ այս վիճակը, որ մեկ ամսում 4 բանտարկյալ, պաշտոնական տեղեկատվությամբ, կյանքին վերջ է տալիս, նա պատասխանեց.
«Պաշտոնական տեղեկատվությունը, հավաստիացնում եմ ձեզ, ոչ մի բանով չի տարբերվում ոչ պաշտոնականից: Թեև, իհարկե, մտահոգիչ է այդպիսի փաստերի արձանագրումը ընդհանրապես ՔԿՀ-ներում, բայց յուրաքանչյուր դեպքի հետ կապված պիտի քննություն իրականացվի, այսինքն՝ համահարթեցման սկզբունքով մեկնաբանություն տալ և բոլոր դեպքերի կապակցությամբ միևնույն մեկնաբանությունը տալ, ուղղակի ոչ կոռեկտ կլինի, ոչ էլ պրոֆեսիոնալ: Դրա համար ես ձեզ էլ եմ հորդորում՝ սպասել մինչև նախաքննության ավարտը, և այնուհետև ողջ տեղեկատվությունը ձեզ կտրամադրվի»: