Ի՞նչ արժի պետական մեքենաների ապահովագրությունը
Հայաստանի գերատեսչությունները, պարզվում է, այնքան էլ չեն վստահում ավտոապահովագրման շուկայի գերիշխող «Ռոսգոսստրախ-Արմենիա» ընկերությանը և հիմնականում գերադասում են ծառայողական ավտոմեքենաներն ապահովագրել «Ինգո Արմենիա» ընկերությունում:
Վերջին օրերին «Ինգո Արմենիայի» հետ ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության ծառայությունների գնման պայմանագրեր են կնքել Արտաքին գործերի և Սփյուռքի նախարարությունները, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, իսկ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իր մեքենաներն ապահովագրել է «Ռոսգոսստրախ-Արմենիայում»:
Սփյուռքի նախարարությունն «Ինգո Արմենիային» վճարել է 200 հազար դրամ՝ 6 մեքենաների ապահովագրության համար. 4 «Nissan qashqai» և 1 «Toyota camry» մակնիշների: ԱԳՆ-ն վճարել է 65 հազար 280 դրամ՝ 2 ավտոմեքենաների ԱՊՊԱ-ի դիմաց: ՀԾԿՀ-ն 2 պայմանագրերով վճարել է 187 հազար 570 դրամ (ավտոմեքենաների մակնիշն ու քանակը չի նշվում):
Իսկ ՄԻՊ-ն ապահովագրել է 6 հատ «Hyundai Tucson», 1 հատ ՎԱԶ, 1 հատ «Nissan Maxima» և 2 հատ ԳԱԶ մակնիշի մեքենաներ՝ «Ռոսգոսստրախ-Արմենիային» վճարելով 399 հազար 620 դրամ: