Լեոնարդո Դի Կապրիոն հանդիպել է Հռոմի պապին
Դերասան Լեոնարդո Դի Կապրիոն հանդիպել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսին՝ նրա հետ բնապահպանական խնդիրներ քննարկելու նպատակով, հայտնում է Newsweek-ը:
Հանդիպման մասին տեղեկությունը հաստատել են Վատիկանի ներկայացուցիչները: Հաղորդվում է, որ դերասանն ու Հռոմի պապը անհանգստացած են նույն խնդրի կապակցությամբ՝ կապված կլիմայական փոփոխությունների հետ:
Բոլորովին վերջերս Դի Կապրիոն մրցանակի էր արժանացել Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումում՝ բնապահպանական ոլորտում իր ակտիվ գործունեության համար:
Դերասանն այդ ժամանակ անդրադարձել էր նավթային ընկերությունների «ագահությանն» ու դեմ հանդես եկել նավթային էներգետիկ ոլորտին: Նա նաև խոսել էր մոլորակի կլիմայի վրա նավթային ինդուստրիայի կործանարար ազդեցության մասին:
2015թ. Հռոմի պապը նույնպես կոչ էր արել հասարակությանը կանխել կլիմայի գլոբալ փոփոխությունը: Հռոմի պապն ընդգծել էր, որ այդ խնդիրն այնքան լուրջ է, որ չի կարելի թողնել ապագա սերունդներին: