ՆԱՏՕ-ն անհանգստացած է ռուսական քարոզչությամբ. Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ն անհանգստացած է քարոզչությամբ, որը գալիս է ռուսական կառավարական ԶԼՄ-ներից, սակայն դրա դեմ չի պայքարի նմանատիպ եղանակներով, հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտոնբերգը: Այս մասին հայտնում է BBC-ն:
«Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը ծախսում է բազմաթիվ միջոցներ ու ուղղում է ներդրումները քարոզչության տարբեր տեսակների վրա: Մենք չենք պայքարի քարոզչության դեմ քարոզչական մեթոդներով»,- ասել է դաշինքի գլխավոր քարտուղարը՝ Բրյուսելում ներկայացնելով 2015թ. արդյունքներին նվիրված զեկույցը:
ՆԱՏՕ-ի զեկույցում մատնանշվում է Ռուսաստանի աճող ռազմական ակտիվությունը 2015 թվականին: Մասնավորապես, զեկույցում ասվում է, որ նման քանակության մանևրներ նախկին ԽՍՀՄ տարածքում չէր անցկացվել Սառը պատերազմի ժամանակներից ի վեր:
ՆԱՏՕ-ի հաջորդ տարվա ռազմավարությունն ուղղված է «հիբրիդային մարտահրավերներին» դիմակայելուն, որոնցից մեկը «տեղեկության վերածումն է զենքի», ասվում է զեկույցում: Այդուհանդերձ, ՆԱՏՕ-ի դաշնակիցները ձգտում են խուսափել ռազմավարությունից, որը կտաներ հակաքարոզչության:
«ՆԱՏՕ-ի հիմնարար սկզբունքներից մեկն այն է, որ մենք չենք կարող հակազդել քարոզչությանը քարոզչությամբ»,- հավելել է դաշինքի պաշտոնական ներկայացուցիչ Օանա Լունդեսկուն: