«Իրանը կտրուկ չի փոխի իր քաղաքականությունը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում». իրանցի վերլուծաբան

«Իրանը ԼՂ հակամարտության գոտում կպահպանի իր հավասարակշռված, բայց ոչ անտարբեր դիրքը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Tehran Times թերթի նախկին խմբագիր, Press TV-ի սյունակագիր, քաղաքագիտության դոկտոր Իսմայիլ Սալամին՝ անդրադառնալով Իրանի հնարավոր դերակատարությանը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում: Հիշեցնենք, որ ադրբեջանական APA լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Հուսեին Ջաբեր Անսարին հայտարարել է, որ Իրանը ղարաբաղյան հակամարտության առաջին իսկ օրերից խոչընդոտել է ճգնաժամի մեծացմանն ու ձգտել կարգավորել հակամարտող կողմերի միջև տարաձայնությունները: «Եթե մենք նայենք անցյալին, ապա կտեսնենք, որ Իրանն ամենաբարդ ժամանակներում ձգտել է լուծել Հայաստանի ու Ադրբեջանի միջև տարաձայնությունները։ Ներկայումս, եթե Հայաստանն ու Ադրբեջանը ցանկություն հայտնեն, ապա մենք պատրաստ ենք միջնորդական դեր խաղալ հակամարտության կարգավորման գործընթացում»,- ասել է նա:

Ի դեպ, անմիջապես այս հարցազրույցին հաջորդել է տեղեկատվությունն այն մասին, որ Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը Մոսկվայում հանդիպել է իր իրանցի գործընկեր Իբրահիմ Ռահիմպուրի հետ, և, թիվս այլ հարցերի, քննարկել նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը։ Իսմայիլ Սալամին ասաց, որ պարզից էլ պարզ է, որ պատժամիջոցների չեղարկումից հետո Իրանի իշխանությունները սկսում են մտածել հնարավորությունների կոնկրետ իրացման մասին: Նա նշեց, որ այդ հնարավորությունները, ինչպես գիտեք, տնտեսական ոլորտում են, սակայն զանազան տնտեսական պրոյեկտների համար անհրաժեշտ է ավելացնել քաղաքական ազդեցությունը, հատկապես, եթե կա այդ ներուժը:

Իսկ Հարավային Կովկասը, իրանցի վերլուծաբանի խոսքով, Իրանի տնտեսական հնարավորությունների իրացման առաջին տարածաշրջանն է, ինչը նշանակում է, որ այստեղ ունեցած ներկայիս ազդեցությունը չափազանց քիչ է՝ հաշվի առնելով վերջին տասնամյակների աշխարհաքաղաքական զարգացումները և նոր հակամարտությունները: «Աշխարհը փոփոխվել է, Իրանը պետք է փորձի դիրքավորվել այդ աշխարհում: Կարծում եմ՝ իրանցի պաշտոնյայի վերջին մեկնաբանությունները ԼՂ հակամարտության վերաբերյալ պետք է դիտարկել այս կոնտեքստում»,- նկատեց Սալամին:

Վերջինս ընդգծեց, որ ԼՂ հակամարտության հարցում Իրանի դիրքորոշումը մշտապես եղել է կառուցողական, սակայն հավասարակշռված, բայց ոչ անտարբեր ԼՂ հակամարտության հարցում, քանի որ հակամարտության մի քանի փուլերում ունեցել է դրական դերակատարում: Սակայն փորձագետը նաև հիշեցրեց, որ վերջին բոլոր տարիների ընթացքում Իրանի իշխանությունները, ԻԻՀ դեսպանը ՀՀ-ում հայտարարել են, որ Իրանն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբին, դա հակամարտության կարգավորման միակ ընդունելի հարթակն է և կողմ է լարվածության նվազեցմանը սահմաններին ու շփման գծում:

«Կարծում եմ` առանցքայնորեն ոչինչ չի փոխվել: Իրանը հավատարիմ կմնա ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին և հակամարտող երկրների նախագահների թույլտվությամբ կաջակցի կարգավորման ջանքերին: Թեև եղավ իրանցի դիվանագետի նման հայտարարություն, պետք է ասել, որ Իրանն այսօր արտաքին քաղաքական այլ լուրջ խնդիրներ ունի և չի կարողանա նույնիսկ մեծ ռեսուրսներ տրամադրել ԼՂ հակամարտությանը, քանի որ կա Մերձավոր Արևելքն ու մերձավորարևելյան հակամարտությունները, որոնցում Իրանը լուրջ անելիք ունի: Իմ կարծիքով` Իրանը կպահպանի իր հավասարակշռված մոտեցումը ԼՂ հակամարտության հարցում, հատկապես, երբ պարզ չէ, թե Իրանի՝ ՄԽ-ից կտրված քայլերն ինչպիսի արդյունքների կհանգեցնեն, և այդ փորձերն ինչ արձագանք կստանան Հայաստանի և Ադրբեջանի կողմից: Վստահ եմ, որ Իրանը կքայլի ՄԽ-ի հետ համաձայնեցված` աջակցելով այդ ձևաչափի ջանքերին»,- ասաց Սալամին:

 

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս