Ադրբեջանն ու Հունգարիան Ռամիլ Սաֆարովի գործով ճանաչվել են որպես պատասխանող կողմ. Եվրոպական դատարան

Ադրբեջանի ու Հունգարիայի կառավարությունները Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ճանաչվել են որպես պատասխանող կողմ հայ սպա Գուրգեն Մարգարյանի հարազատների հայցի համաձայն, որը  սպանվել էր Բուդապեշտում ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովի կողմից 2004-ին: Այս մասին տեղեկացնում է Middlesex University-ում տեղակայված Մարդու իրավունքների եվրոպական փաստաբանական կենտրոնը (European Human Rights Advocacy Centre)։

Նշվում է, որ Բուդապեշտում երկու սպաներն էլ մասնակցել են անգլերեն լեզվի դասընթացների՝ ՆԱՏՕ-ի ծրագրի շրջանակում: 2004 թվականի փետրվարի 19-ին ադրբեջանցին կացնահարել է հայ սպային անկողնում:

2006թ. ապրիլի 3-ին Բուդապեշտի դատարանը Սաֆարովին դատապարտում է ցմահ ազատազրկման` 30 տարվա ընթացքում առանց ներման իրավունքի: 2012թ. օգոստոսի 31-ին Հունգարիայի արդարադատության նախարարությունը ցմահ ազատազրկման դատապարտված Սաֆարովին արտահանձնում է Ադրբեջանին, որտեղ նրան ընդունում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու ազատություն շնորհում:

Նրա ծառայողական աստիճանը բարձրացվում է, նրան շնորհվում է բնակարան ու 8 տարվա աշխատավարձը:
2012թ. դեկտեմբերի 12-ին հրապարակված զեկույցում Հունգարիայի օմբուդսմենը քննադատում է Հունգարիայի կառավարության՝ Սաֆարովին արտահանձնելու այդ քայլը:
ՄԻԵԴ-ը ադրբեջանական ու հունգարական կողմերից պահանջում է պաշտոնապես պատասխանել սպանված հայ սպայի իրավահաջորդների հայցին։ Նշվում է, որ զոհի հարազատները պնդում են, որ Գուրգեն Մարգարյանի կյանքի իրավունքը (Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիա, 2-րդ հոդված) խախտվել է Ադրբեջանի կողմից:

Բացի այդ՝ Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդները մեղադրում են Հունգարիային, որը խախտել է Կոնվենցիան՝ թույլատրելով Սաֆարովի արտահանձնումը: Երկու կառավարությունները պետք է պատասխան տան մայիսին Ստրասբուրգի դատարանում:
Գուրգեն Մարգարյանի ու մահափորձի ենթարկված սպա Հայկ Մակուչյանի ներկայացուցիչների  շահերը ՄԻԵԴ-ում ներկայացնում են Մարդու իրավունքների եվրոպական փաստաբանական կենտրոնը, Legal Guide հայկական ՀԿ-ն ու Գուրգեն Մարգարյանի ընտանիքի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Նազելի Վարդանյանը:

Տեսանյութեր

Լրահոս