ԱԺ նախկին պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի որդու գործն ուղարկվել է դատարան

ԱԺ նախկին պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի որդու՝ Մհեր Պետրոսյանի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Մհեր Պետրոսյանի վերաբերյալ գործը, ով մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածով նախատեսված հանցագործության կատարման մեջ, մակագրվել է դատավոր Մարինե Մելքոնյանին:

Datalex դատական տեղեկատվական համակարգում տեղադրված տեղեկատվության համաձայն՝ «Մհեր Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2013թ. հուլիս-օգոստոս ամիսներին միասնական հանցավոր մտադրությամբ միավորված Գարիկ Իսրայելյանի և Միքայել Ալկամյանի վստահությունը չարաշահելու եղանակով` խարդախությամբ հափշտակել է նրանց պատկանող առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր 31.600.000 դրամ գումար, բացի այդ, 2013թ. օգոստոս-սեպտեմբեր ամիսներին Ռուբիկ Շահինյանի վստահությունը չարաշահելու եղանակով` խարդախությամբ հափշտակել է նրան պատկանող առանձնապես խոշոր չափերով` 7.770.000 դրամ գումար»:

Սակայն քրեական գործով նրան մեղադրանք է առաջադրվել նաև սպանության փորձի համար: Ինչպես հայտնի է, 2015թ. փետրվարի 6-ի երեկոյան Պռոշյան փողոցի գրասենյակներից մեկում վիճաբանության արդյունքում կրակոց էր արձակվել: Գնդակը քերծել էր տուժողի գլուխը. նրա հաղորդման համաձայն՝ ծանոթներից Մհեր Պետրոսյանը ծագած վեճի ժամանակ ձեռքով հարվածել էր դեմքին, ապա գոտկատեղից հանել ատրճանակն ու կրակել: Ըստ Ոստիկանության՝ Մհեր Պետրոսյանը նույն օրը ներկայացել է Ոստիկանության բաժին և խոստովանական ցուցմունք տվել. վեճը ծագել էր համատեղ բիզնեսի շուրջ տարաձայնությունների պատճառով: «Վստահել եմ, իրենց անունով եմ արել ընկերությունը: Ընթացքում ոնց որ տիրացել են ներդրումներին, բանին, ու տենց առաջացել են վեճեր: Ժամադրված էինք՝ իրավաբան, փաստաբան, հաշվապահ. բոլորի մասնակցությամբ քննարկման ժամանակ վեճ առաջացավ, մոտ մի 4 ժամ քննարկել ենք, հետո վեճն առաջացավ, որը սրվեց, վերածվեց կռվի, քաշքշուկի: Կոնկրետ ես լավ չեմ հիշում՝ ինչ է եղել քաշքշուկի ժամանակ, ոնց է եղել. ես կրակել եմ»,- Ոստիկանության տարածած տեսագրության մեջ պատմում էր Մհեր Պետրոսյանը:

Նրան մեղադրանք է առաջադրվել նաև 235-րդ և 238-րդ հոդվածներով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը և զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը:

Տեսանյութեր

Լրահոս