Արսեն Ավակովը կասկածվում է կոռուպցիայի մեջ
Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովը մեկ տարուց ավելի է, ինչ նախարարական պաշտոնը համատեղում է իտալական ընկերության տնօրենի պաշտոնի հետ, ինչն արգելված է ուկրաինական օրենքներով: Այս մասին «Ուկրաինական պրավդայի» բլոգում հայտնել է «Պյոտր Պորոշենկոյի բլոկ» խմբակցության ժողովրդական պատգամավոր Սերգեյ Լեշչենկոն: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը:
Նրա խոսքով՝ ինքն Իտալիայում ձեռք է բերել ընկերության փաստաթղթերը, որոնց սեփականատերը Ավակովն է:
«Իտալիայի Ֆրոնզիոնե նահանգի առևտրա-արդյունաբերական պալատում ես ստացել եմ AvItalia S.R.L. ձեռնարկության գրանցման փաստաթղթեր: Համաձայն փաստաթղթերի՝ ընկերությունը հիմնվել է 2011-ին՝ անշարժ գույքի ղեկավարման համար: Ավակովը նշանակվել է նախարարի պաշտոնին 2014թ. փետրվարի 27-ին: 2015թ. ապրիլի դրությամբ շարունակում էր մնալ իտալական AvItalia S.R.L. ընկերության նախագահ»,- գրում է Լեշչենկոն:
Ավելին, ըստ պատգամավորի, 2015թ. ապրիլին Ավակովը՝ որպես AvItalia ընկերության նախագահ, անցկացրել է բաժնետերերի ժողով ու բաշխել ընկերության շահույթը Կիևի հյուրանոցներից մեկի իր համարում անցկացված ժողովում:
«Խնդիրն այն է, որ «Ուկրաինայի նախարարների կաբինետի մասին» օրենքի համաձայն՝ Ավակովը չի կարող համատեղել նախարարի աշխատանքը ցանկացած այլ գործունեության հետ, բացի դասավանդելուց, գիտական ու ստեղծագործական աշխատանքից»,- ընդգծել է Լեշչենկոն:
Ուկրաինացի պատգամավորի խոսքով՝ ինքը համապատասխան փաստաթղթերը կուղարկի Ուկրաինայի անվտանգության ծառայություն, դատախազություն ու Ազգային ոստիկանություն: