
Զիկա վիրուսը հայտնաբերվել է ԵՄ-ի ևս 3 երկրներում

Պորտուգալիայում, Ֆինլանդիայում ու Գերմանիայում գրանցվել են Զիկա վիրուսով վարակման նոր դեպքեր: Հաղորդվում է, որ բոլոր վիրուսակիրները վերջերս այցելել են Լատինական Ամերիկայի երկրներ, հայտնում է DW-ն:
Մասնավորապես, հունվարի 27-ին վիրուսն ախտորոշվել է 5 պորտուգալացու մոտ, որոնք վերջերս այցելել էին Բրազիլիա: Նրանցից ոչ ոք չի հոսպիտալացվել: Զիկա է հայտնաբերվել նաև Ֆինլանդիայի մի հիվանդի մոտ, ով մինչ այդ այցելել էր Մալդիվներ: Երեկ երեկոյան հայտնի է դարձել վիրուսով հիվանդացության երկու դեպքի մասին Գերմանիայում:
Հիշեցնենք, որ նախօրեին վիրուսը հայտնաբերվել էր Դանիայի մի բնակչի մոտ: Հաղորդվում է, որ դանիացին ճանապարհորդել է մասնավորապես Հարավային ու Կենտրոնական Ամերիկաներում:
Զիկա տենդը կապիկների սուր վարակիչ հիվանդություն է, որը երբեմն մարդկանց փոխանցվում է միջատների խայթոցի միջոցով ու բնութագրվում է տենդով: Վիրուսը հատկապես վտանգավոր է հղիների համար քանի որ պտուղը կարող է զարգանալ գլխուղեղի ծանր ախտահարմամբ:
Այսօր վիրուսի դեմ պայքարի միակ եղանակը հիվանդության տարածմանը նպաստող միջատների դեմ պայքարն է: