Բաժիններ՝

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ուղերձը

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը շնորհավորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին Հայկական բանակի կազմավորման 24-ամյակի կապակցությամբ:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, շարունակելով կատարել Հայաստանի Հանրապետության անվտանգության, պաշտպանության ու տարածքային ամբողջականության ապահովման գործառույթները, անցած քսանչորս տարիներին ունեցել են բարեփոխումներ, բայց և այնպես, շարունակում են չլուծված մնալ մի շարք համակարգային խնդիրներ: Մեզ համար մտահոգիչ են, հատկապես, մահացությունների թվի աճը Զինված ուժերում, շարունակվող ներքին կանոնադրական խախտումները: Անհանգստացնող է առողջական խնդիրներ ունեցող անձանց զորակոչի ենթարկելու փաստը, ինչպես նաև Զինված ուժերում կոռուպցիայի առկայությունը:

Նշված համակարգային խնդիրների մեծ մասը կարող է լուծում ստանալ ռազմական օմբուդսմենի հիմնադրմամբ, որը շարունակում է մնալ գերակա խնդիր:

Անցնող տարում ևս արձանագրեցինք մարդու իրավունքների մի շարք խախտումներ Զինված ուժերում, որոնք վկայում են, որ դեռ շատ անելիքներ կան՝ Հայկական բանակը ժողովրդավարական պետության պահանջներին համապատասխանեցնելու ուղղությամբ:

Չնայած զինծառայողների իրավական ու սոցիալական պաշտպանությանն ուղղված ջանքերին` այնուամենայնիվ այս բնագավառում ևս մնում են չլուծված խնդիրներ:

Արձանագրում ենք ՀՀ Պաշտպանության նախարարության գործունեության՝ տարեցտարի ավելի հրապարակային և թափանցիկ դառնալու ուղղությամբ գործադրված ջանքերը մասնավոր դեպքերում, միաժամանակ գտնում ենք, որ մատնանշված խնդիրները ՀՀ Պաշտպանության նախարարության կողմից պետք է դիտարկվեն որպես համակարգային լուծում պահանջող խնդիրներ:

Կարևորում ենք ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի կողմից հանրային կապերի զարգացումը, նրա՝ որպես զինվորական ծառայության կազմակերպման անմիջական պատասխանատու մարմնի հաշվետու և թափանցիկ գործունեության ձևավորումը:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը մեկ անգամ ևս շնորհավորում է Հայկական բանակի կազմավորման 24-ամյակի կապակցությամբ և պատրաստակամություն հայտնում՝ հետագայում ևս նպաստելու Զինված ուժերում մարդու իրավունքների արդյունավետ պաշտպանությանն ու քաղաքացիական վերահսկողության մեխանիզմների զարգացմանը:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակ
28 հունվարի 2016թ.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս