
Պարզվել է ռուսական А321 ինքնաթիռում ահաբեկչություն իրականացնողի ինքնությունը

Եգիպտոսի իրավապահ մարմինների աշխատակիցներն ու ռուսական հատուկ ծառայությունների ներկայացուցիչները համատեղ հետաքննության ժամանակ պարզել են ահաբեկիչների ինքնությունը, որոնք անմիջական առնչություն են ունեցել Սինայի թերակղզում А321 ինքնաթիռում ահաբեկչության նախապատրաստմանը:
Ինչպես հայտնի է դարձել LifeNews-ին, հետախուզվում է նվազագույնը 6 մարդ, նրանց թվում՝ անմիջական կատարողը, որը պայթուցիկ սարքը տեղափոխել էր ինքնաթիռ:
Հատուկ ծառայությունների աշխատակիցները պարզել են, որ պայթուցիկ սարքը ինքնաթիռ է տեղափոխել Շարմ-էլ-Շեյխի օդանավակայանի աշխատակիցը, որը ահաբեկչությունից որոշ ժամանակ առաջ աշխատանքի էր ընդունվել օդանավակայանում: Հարցազրույցի ժամանակ հանցագործը միանգամից ցանկություն էր հայտնել աշխատել որպես բեռնակիր: Արդյունքում՝ նրան հանձնարարվել էր զբաղվել ուղևորների բեռների տեղափոխմամբ, որը նրան հնարավորություն էր տալիս դուրս գալ թռիչքուղի:
Ռումբը, որը մոտ 9000 կմ բարձրության վրա պայթել էր Airbus 321-ում, գտնվել է բեռների խցիկում: Այն եղել է մեծ հզորությամբ ոչ մեծ փաթեթ: Այն բանից հետո, երբ հանցագործը տեղադրել է ռումբը ինքնաթիռում, լքել է աշխատատեղն ու հեռացել օդանավակայանից, ապա՝ Եգիպտոսից:
Գործակալությունը հաղորդում է, որ վերջին անգամ նրա գտնվելու վայրը եղել է Թուրքիան: Նրա հետ միասին որոնվում են վերջինիս 5 համախոհները:
Հիշեցնենք, որ ռուսական «Կոգալիմավիա» ընկերության Airbus 321-ը աղետի էր ենթարկվել հոկտեմբերի 31-ին: Ինքնաթիռում գտնվող 224 մարդիկ զոհվել էին: