Բաժիններ՝

Հաագայի միջազգային դատարանը կզբաղվի ռուս-վրացական պատերազմի հետաքննությամբ

Հաագայի միջազգային քրեական դատարանը որոշում է կայացրել զբաղվել 2008 թվականին տեղի ունեցած ռուս-վրացական ռազմական հակամարտության հետաքննությամբ, որի ժամանակ իրականացվել են ռազմական ու մարդկության դեմ գործած հանցագործություններ Վրաստանի ու Հարավային Օսիայի տարածքներում: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ինչպես նշված է Հաագայի միջազգային քրեական դատարանի կայքում, հետաքննվելու են այն հանցագործությունները, որոնք իրականացվել են 2008 թվականի հուլիսի 1-ից մինչև հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում:

2015թ. հոկտեմբերին Վրաստան էր ժամանել Միջազգային քրեական դատարանի դատախազ Ֆատու Բենսուդան, ով ավելի վաղ միջնորդություն էր ներկայացրել Հաագայի միջազգային քրեական դատարանին, որպեսզի թույլտվություն ստանա սկսել հետաքննությունը:

160127153112_icc_building_hague_624x351_afp

Դատախազի հարցումից ու ներկայացված նյութերից հետո դատարանի մինչդատական պալատը հայտարարել էր, որ վերոնշյալ ժամանակահատվածում ռազմական հանցագործությունների մասին հաղորդագրությունները հիմնավորված են, ասվում է դատարանի հաղորդագրության մեջ:

Մարդկության դեմ գործած հանցագործությունների թվում, որոնք ենթադրաբար տեղի են ունեցել Վրաստանի տարածքում հակամարտության ընթացքում, նշվում են սպանություններն ու տեղացիների բռնի տեղահանումները:

Ըստ դատարանի նյութերի՝ կարող էին իրականացվել նաև այնպիսի ռազմական հանցագործություններ, ինչպիսիք են հարձակումը քաղաքացիական բնակչության վրա, խաղաղապահների վրա պլանավորված հարձակումներն ու գույքի ոչնչացումը:
Հաագայի միջազգային քրեական դատարանի դատախազի տեղեկություններով՝ Հարավային Օսիայի տարածքից բռնի տեղահանվել է գրեթե 18,5 հազար մարդ, սպանվել է 113 էթնիկ վրացի:

Ռուսաստանի վրա չեն տարածվում դատարանի իրավասությունները, քանի որ երկիրը չի վավերացրել հիմնարար պայմանագիրը՝ Հռոմի ստատուտը (միջազգային պայմանագիր), թեև այն նախաստորագրել է դեռևս 2000 թվականին:
Վրաստանն այն վավերացրել է 2003-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս