«Լիվերպուլը» Ուեմբլի գնալու է միայն հաղթանակի համար. Յուրգեն Կլոպ
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է Անգլիական լիգայի գավաթի եզրափակիչ` իր թիմի դուրս գալը: «Կարմիրները» կիսաեզրափակիչ պատասխան խաղում տանը պարտվեցին «Սթոք-Սիթիին» 0:1 հաշվով, սակայն հաղթեցին մրցակցին 6:5 հաշվով` ետխաղյա 11-մետրանոց հարվածաշարի արդյունքում:
«Մարզադաշտում յուրահատուկ մթնոլորտ էր տիրում: Դա գերազանց խաղ էր շատ ուժեղ մրցակցի դեմ: Այսօր «Սթոք-Սիթին» փոխել էր իր խաղի ոճը: Նրա կազմում դաշտ դուրս եկան դարպասապահ Ջեկ Բատլենդը և հարձակվող Պիտեր Կրաուչը, ում դեմ դժվար էր խաղալ մեր պաշտպանությանը: Մենք որոշ պրոբլեմներ ունեինք, բայց մրցակիցն էլ այդքան շատ պահեր չստեղծեց:
Գոլի ժամանակ միանգամից 2 ֆուտբոլիստ գտնվում էին խաղից դուրս վիճակում, բայց ի վերջո մեր բախտը բերեց 11-մետրանոցների ժամանակ: Այս 120 րոպեների արդյունքում երկրպագուները և ամբողջ Լիվերպուլն արժանի էին եզրափակիչ դուրս գալուն: Ուեմբլին գերազանց տեղ է ֆուտբոլ խաղալու համար, և մենք գնալու ենք այնտեղ միայն հաղթանակի համար: Պարտություններում ոչ մի հաճելի բան չկա»,- Կլոպին ցիտում է ВВС-ն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը