Պարարտանյութերի և վառելանյութի սուբսիդավորումն այս տարի կշարունակվի
Այս տարի ՀՀ կառավարությունը կշարունակի հողօգտագործողներին սուբսիդավորված պարարտանյութերի և վառելանյութի տրամադրումը: Հարցը գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը կներկայացնի հունվարի 29-ի կառավարության նիստում:
Պարարտանյութերի նկատմամբ 2016 թ. գյուղատնտեսական աշխատանքների համար պահանջարկը կազմում է 34594.3 տոննա ազոտական, 1079 տոննա ֆոսֆորական և 1574.55 տոննա կալիումական պարարտանյութեր և 6 մլն լիտր դիզելային վառելանյութ: Ծրագրի շրջանակներում ձեռք բերված 600 տոննա ազոտական, 248 տոննա ֆոսֆորական և 255 տոննա կալիումական պարատանյութեր և 100 հազար լիտր վառելանյութ կթողնվի ՀՀ գյուղատնտեսության նախարարության տրամադրության տակ՝ որպես պահուստային քանակ` ըստ անհրաժեշտության օգտագործելու համար:
Հողօգտագործողներին 1 պարկ ազոտական պարարտանյութը կվաճառվի 6000 դրամով, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերը՝ 7000-ական դրամով, վառելանյութի 1 լիտրը՝ 280 դրամով: Ընդհանուր առմամբ, պարարտանյութերի ամբողջ քանակի համար կառավարությունը «Բերրիություն» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում» ՍՊ ընկերությանը կհատկացնի 1 մլրդ 746.9 մլն դրամ և «Հրաշք այգի» ՍՊ ընկերությանը՝ 157.3 մլն դրամ, բացի այդ, նաև «Բերրիությունը» կստանա 200 մլն դրամ, «Հրաշք այգին»՝ 7.25 մլն դրամ դրամաշնորհ՝ ՀՀ ներմուծված պարարտանյութերի բեռնման և համայնքներ բեռնափոխադրման աշխատանքները կազմակերպելու նպատակով: Դիզելային վառելանյութի համար սուբսիդիան կկազմի 330 մլն դրամ: