«Մինսկի խմբի հայտարարությունը ոչ թե մեր, ԼՂՀ կամ Ադրբեջանի, այլ հենց բանակցային ձևաչափի շահերից էր բխում». Կարեն Բեքարյան

«Ես չեմ կիսում այն գոհունակությունը, ինչը շրջանառվում է այս օրերի ընթացքում, թե ՄԽ համանախագահների հայտարարությունը մեր շահերից էր, որովհետև կարծում եմ, որ ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունը ոչ թե մեր, ԼՂՀ կամ Ադրբեջանի շահերից էր, այլ հենց բանակցային ձևաչափի շահերից էր բխում, որպեսզի բանակցությունները որևէ կերպ փակուղի չմտնեն»,- լրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպես մեկնաբանեց ՄԽ համանախագահների վերջին հայտարարությունը «Եվրոպական ինտեգրացիա» հ/կ նախագահ, ԱԺ պատգամավոր Կարեն Բեքարյանը՝ հավելելով, որ այլ պատկերացում ունի ԵԱՀԿ ՄԽ գործունեության վերաբերյալ.

«Կա բանակցային ձևաչափ, կան բանակցային ձևաչափով ուղղակի կամ անուղղակի ստանձնված պարտավորություններ կողմերի կողմից, այսինքն՝ հավատարիմ լինել ձևաչափին ու բանակցությունները վարել այդ ձևաչափի ներքո, և կա Ադրբեջանի կեցվածքը, երբ ամեն հնարավոր առիթ օգտագործում են հակահայկական բանաձևեր անցկացնելու համար: Սա ձեռագիր է, որը կամ պետք է կանխվի նույն ՄԽ համանախագահների կողմից, կամ նման ձեռագիր ինչ-որ պահի ստիպված պետք է լինենք որդեգրել նաև մենք: Այսինքն՝ խնդիրը լրիվ այլ դաշտում է: Հնարավոր չէ, որ հակամարտության երեք կողմերից երկուսը կաշկանդված լինեն բանակցային ձևաչափով ու ստանձնած պարտավորություններով, մեկն իրեն ազատ զգա՝ ի դեմս Ադրբեջանի, ցանկացած տեղ, ցանկացած բան անելու: Հետևաբար, երբ մենք մեկնաբանում ենք ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վերջին հայտարարությունը, սա պետք է աչքի առաջ ունենանք»:

 

Տեսանյութեր

Լրահոս