
ԴԱԻՇ-ն ահաբեկչություններ է նախապատրաստել Թուրքիայի ալավիների դեմ

Ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորումը ահաբեկչություններ է կազմակերպել Թուրքիայում բնակվող ալավիների ու քրդերի դեմ, գրում է թուրքական Haberturk թերթը՝ հղում կատարելով իրավապաշտպան մարմինների աղբյուրներին:
Ահաբեկչությունների մասին տեղեկությունը ստացվել է Թուրքիայում բնակվող ԴԱԻՇ-ի անդամներից մեկից: ԴԱԻՇ-ի անդամները Թուրքիայում կազմել են երկրի հարավարևելյան բոլոր բնակելի կետերի ցուցակը, որտեղ կոմպակտ կերպով ապրում են էթնիկ քրդեր ու ալավիներ:
Ահաբեկչությունները պետք է իրականացնեին մահապարտ-ահաբեկիչները, որոնք Թուրքիայի քաղաքացիներ էին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2015-ին Սիրիայում ԴԱԻՇ-ի շարքերը Թուրքիայի 450 քաղաքացի է համալրել: Նշվել էր նաև, որ երկրի քաղաքացիները, որոնք նախապատրաստություն են անցել ԴԱԻՇ-ի շարքերում, մտադիր են վերադառնալ Թուրքիա ու իրականացնել ահաբեկչություններ:
Թուրքական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ տարեսկզբից սկսած՝ Թուրքիայում ձերբակալվել է ԴԱԻՇ-ի 150 անդամ: