Արցախի բուժհաստատություններում գրանցվել է գրիպով հիվանդների թվի աճ
Հունվարի 27-ի դրությամբ Արցախի հանրապետության բժշկական կենտրոններում վերին շնչառական ուղիների սուր վարակիչ հիվանդությունների (ՎՇՍՈՒՎ) պատճառով ստացիոնար բուժում են ստանում 109 հիվանդ, այդ թվում 50-ը մինչև 18 տարեկան:
Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրեցին ԼՂՀ առողջապահության նախարարության մամլո ծառայությունից:
Հոսպիտալացված 46 հիվանդի մոտ ախտորոշվել է թոքաբորբ, որից 5-ը մինչև 18 տարեկան:Հիվանդների վիճակը գնահատվում է «բավարար»: Վերակենդանացման բաժանմունքներում բուժում են ստանում 2 հիվանդ:
Աղբյուրի հաղորդմամբ՝ ամբուլատոր, տնային և շտապօգնության կանչերի թիվը չի ավելացել:
Հիշեցնենք, որ ԼՂՀ առողջապահության նախարարությունը հետևողականորեն շարունակում է վերին շնչառական ուղիների սուր վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ինչպես բուժական, այնպես էլ կանխարգելիչ միջոցառումները:
Նշենք նաև, որ հունվարի 26-ի դրությամբ, վերին շնչառական ուղիների սուր վարակիչ հիվանդությունների պատճառով Արցախի հիվանդանոցում բուժում ստացողների պատկերը հետևյալն էր. հանրապետության ստացիոնարներում հիվանդների թիվը 102 էր, այդ թվում՝ 42-ը մինչև 18 տարեկան: Բուժում ստացողներից 43 հիվանդի մոտ ախտորոշված էր թոքաբորբ, որից 4-ը մինչև 18 տարեկան: Հիվանդների վիճակը գնահատվել է բավարար:
Վերակենդանացման բաժանմունքներում բուժում են ստացել 2 հիվանդ, ըստ բժիշկների նրանց վիճակը գնահատվել է կայուն: