
Իսրայելն ու Հունաստանը Թուրքիային մեղադրել են ԴԱԻՇ-ից նավթ գնելու մեջ

Իսրայելի ու Հունաստանի պաշտպանության նախարարները Թուրքիային մեղադրել են ԴԱԻՇ-ից նավթ գնելու մեջ, հայտնում է Reuters-ը:
Նման հայտարարություն նրանք արել են Աթենքում բանակցություններից հետո՝ մամլո ասուլիսի ժամանակ: Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնը Անկարային մեղադրել է իսլամիստներին հովանավորելու մեջ:
«Հայտնի է, որ ԴԱԻՇ-ն արդեն շատ երկար ժամանակ ստանում է թուրքական փողեր՝ վաճառելով նավթ: Ես հուսով եմ, որ դրան վերջ կդրվի: Եկել է ժամանակը, որ Թուրքիայի ղեկավարությունը որոշի՝ մտադի՞ր է արդյոք միանալ ահաբեկչության դեմ պայքարին:
Այստեղ մտածելու բան չկա»,- ասել է նա՝ ընդգծելով, որ Թուրքիան մատների արանքով է նայում իր տարածքով ջիհադիստների տեղաշարժմանը:
Իր հերթին, նրա հույն գործընկեր Պանոս Կամենոսը հայտնել է, որ Անկարան ձեռք է բերում նավթի մեծ մասը, որը արտադրվում է ԴԱԻՇ-ի վերահսկողության տակ գտնվող տարածքներում՝ դրանով իսկ հովանավորելով ահաբեկիչներին:
Կամենոսը նաև կոչ է արել Անկարային միջոցներ ձեռնարկել Եվրոպա ներգաղթյալների հոսքը սահմանափակելու ուղղությամբ: