Հայաստանը 95-րդն է՝ կոռուպցիայի ընկալման համաթվով
2015 թ. Հայաստանի կոռուպցիայի ընկալման համաթիվը ֆորմալ 35 է, ՀՀ-ն կիսում է 95-98-րդ տեղերը՝ Մալիի, Մեքսիկայի և Ֆիլիպինների հետ: Այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Վարուժան Հոկտանյանը՝ ներկայացնելով կոռուպցիայի ընկալման համաթվի տարեկան զեկույցը:
Նախորդ տարի, ըստ Վ. Հոկտանյանի, Հայաստանի համաթիվը 37 էր, սակայն, հաշվի առնելով վիճակագրական սխալը, որ գտնվում է 2-3-ի միջև, չի կարելի ասել, որ էական փոփոխություն է եղել: Նա նշեց, որ ՀՀ-ում վերջին 7-8 տարիներին համաթվի հաշվարկը կատարվել է 6 աղբյուրների միջոցով, իսկ 2015-ի համար առաջին անգամ 5 աղբյուր է օգտագործվել, դրանցից դուրս է եկել Համաշխարհային բանկը. «ՀԲ-ի տվյալները ՀՀ նկատմամբ միշտ բարեհաճ են եղել: Եթե նախորդ տարիների տվյալներից հանենք ՀԲ տվյալները, կստացվի նույն 35-ը: Այսինքն՝ թվի փոփոխություն, ըստ էության, չի եղել: Ընդհանրապես առաջընթաց կարելի է գրացնել, եթե թիվը 3-ով է փոխվում, իսկ մեզ մոտ տարիներ շարունկ 1-2-ով է փոխվել»:
Վ. Հոկտանյանը նշեց, որ նախկին խորհրդային երկրներից այս տարի լավագույն արդյունք գրանցել է Էստոնիան, որը 23-26-րդ տեղում է Ֆրանսիայի, ԱՄԷ-ի և Քաթարի հետ. «Մեզնից լավ վիճակում են Բալթյան երկրները, նաև ՀՀ-ից լավ արդյունք ունի Վրաստանը, որը սակայն վերջին տարիներին դոփում է տեղում՝ 52 համաթվով: Մնացած նախկին խորհրդային երկրներից ՀՀ տվյաներն ավելի լավ են: Հարևաններից Թուրքիան շարունակում է մնալ ավելի լավ վիճակում՝ 45, Ադրբեջանը և Իրանը մեզ զիջում են՝ համապատասխանաբար 29 և 27 ցուցանիշներով: ԵՄ անդամ երկրների համեմատ մենք բավականին հետ ենք, ամենացածրը՝ Բուլղարիան մեզնից առաջ է: Սակայն առաջատար ենք ԵՏՄ-ում, որտեղ Բելառուսի համաթիվը 31 է, ՌԴ-ն՝ 29, վերջինը նույնպես չի փոխվել: 28-ական միավոր ունեն Ղազախստանն ու Ղրղզստանը, Ղազախստանը որոշ չափով զիջել է դիրքերը»:
ԹԻ ղեկավարի խոսքով՝ Հայաստանում կոռուպցիան մնում է համակարգային. «Այն երկրները, որտեղ համաթիվը 50-ից պակաս է, դա լուրջ հիմնախնդիր է համարվում, այսինքն՝ խոչընդոտում է համակարգի նորմալ գործունեությանը, և՛ տնտեսական, և՛ քաղաքական համակարգերը գտնվում են շատ լուրջ ռիսկի մեջ, այսինքն՝ կոռուպցիան իսկապես որակապես ազդում է համակարգի գործունեության վրա»:
Վ. Հոկտանյանը նշեց, որ ընդհանուր իրավիճակը նախորդ տարիների համեմատ չի փոխվել ամբողջ աշխարհում և 2/3 երկրներում կոռուպցիան լուրջ հիմնախնդիր է հանդիսանում. «Մի փոքր հուսադրող է, որ այս տարի ավելի շատ երկրներ առաջադիմել են, քան նահանջել, այսինքն՝ ավելի քիչ երկրներում է վիճակը վատացել: Աշխարհի ամենամաքուր երկիրը Դանիան է՝ 91 համաթվով, ապա սկանդինավյան երկրները: Վատագույնը նրանք են, որտեղ կան կոնֆլիկտներ՝ Սոմալին և Հյուսիսային Կորեան, նաև Աֆղանստանը, Սուդանը, Հարավային Սուդանը և Անգոլան: Ամենամեծ առաջընթաց գրանցել են Գվատեմալան, Շրի Լանկան, իսկ հետընթացի ռեկորդակիրը Բրազիլիան է, որ 5 միավոր նահանջել է: Վերջին 4 տարիներին առավել լուրջ նահանջ են արձանագրել Թուրքիան, Իսպանիան, Լիբիան, Ավստրալիան և Բրազիլիան: Առավել մեծ աճը եղել է Հունաստանում, Սենեգալում և Մեծ Բրիտանիայում»:
Նշենք, որ կոռուպցիայի ընկալման համաթվի հետազոտության առնվազն 3 աղբյուր պետք է լինի, սա գործարար ոլորտի և փորձագետների ընկալումն է: Համաթիվը հաշվարկվում է 0-100 սանդղակով, որտեղ 100-ը բացարձակ մաքուրն է, 0-ն՝ բացարձակ կոռումպացվածը: 2015-ի աղյուսակում 168 երկիր է, նախորդ տարվա 176-ի փոխարեն: