Իրանը պատրաստվում է Եվրոպային գազ մատակարարել 2 տարի հետո
Իրանը նոր հնարավորություններ է որոնում բնական գազի արդյունահանման ու արտահանման համար, ներառյալ հեղուկացված գազի հզորության զարգացում, որպեսզի կարողանա այն Եվրոպա մատակարարել 2 տարվա ընթացքում, The Wall Street Journal-ին հայտնել է National Iranian Gas Export Co-ի գործադիր տնօրեն Ալիռեզա Քամելին:
Նախագծերից մեկը ենթադրում է Iran LNG նախագծի աշխատանքների վերսկսում, որի 40%-ն ավարտվել էր մինչև 2012թ. միջազգային պատժամիջոցների սահմանումը: Նախագծի ավարտի համար հարկավոր է 3-4 տարի:
Մյուս նախագիծը, որը կարող է իրացվել 2 տարում, ենթադրում է Օմանում գազատարի շինարարություն, որտեղ արդեն կա հեղուկացված գազի հզորություն:
Բացի այդ՝ իրանական ընկերությունները բանակցություններ են վարում եվրոպացի գործընկերների հետ իրանական գազի հեղուկացման լողացող տերմինալների շինարարության վերաբերյալ:
Երկարաժամկետ հեռանկարում Իրանը, ինչպես ավելի վաղ հայտարարվել է, կցանկանար ԵՄ-ին մատակարարել տարեկան մինչև 30 միլիարդ խմ գազ:
Անցած շաբաթ Հունաստանը Իրանից գնել էր նավթ, ինչն առաջին դեպքն էր պատժամիջոցների չեղարկումից ի վեր: