
«Տեսնում եմ Ռոնալդուին «Ռեալից» դուրս, եթե նա չհաղթի Պրիմերան կամ Չեմպիոնների լիգան»

Մադրիդյան «Ատլետիկոյի» նախկին ֆուտբոլիստ Պաուլու Ֆուտրեն իր կարծիքն է հայտնել Թագավորական ակումբում «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի ապագայի մասին: Ֆուտրեն կարծում է, որ իսպանական գրանդում շատ բան պետք է փոխվի, որպեսզի իր հայրենակիցը չփոխի ակումբային գրանցումը:
«Կարծում եմ, վերջին ժամանակները Ռոնալդուի համար մի քիչ անսովոր էին: Նրան սուլում էին և չէին արտահայտում այն սերը, որն անհրաժեշտ է իրեն: Զիդանի գալով՝ նա իրեն մի փոքր ավելի լավ է զգում: Հարցը, որը մեծ հետաքրքրություն է առաջացնում, այն է, արդյո՞ք նա կմնա «Ռեալում», թե՞ ամռանը կտեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ» կամ «ՊՍԺ»: Ինքս կարծում եմ, որ նա կհեռանա «Ռեալից», և այն բանի համար, որպեսզի նրան պահեն, այնտեղ պետք է շատ բան փոխեն: Նրա գործակալ Ժորժե Մենդեշի համար սա հնչեղ տրանսֆերային գործարք իրականացնելու վերջին հնարավորությունն է: Կարծում եմ, որ այս իրավիճակում նա կմնա «Ռեալում» միայն այն դեպքում, եթե հաղթի Իսպանիայի առաջնությունը կամ Չեմպիոնների լիգան: Այլապես, ես Ռոնալդուին տեսնում եմ «Ռեալից» դուրս»,- Ֆուտրեին է ցիտում Onda Cero-ն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը