«Մենք ՀԱՊԿ-ն ուզում ենք տեսնել լիարժեք, ամուր ռազմաքաղաքական մի կազմակերպություն». Սեյրան Օհանյան

«Վերջին տարիներին մենք բավականին լուրջ միջոցառումներ ենք ձեռնարկել զորակոչի արդարացի և ազնիվ անցակցման ուղղությամբ»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ արձագանքելով լրագրողի դիտարկմանը, որ հաճախ սահմանին զոհվում են սոցիալապես անապահով ընտանիքների զավակները և որ այդ դեպքերում մարդկանց մոտ վրդովմունք է առաջանում, թե ինչպես է ստացվում, որ սահմանին կանգնում են սոցիալապես անապահով ընտանիքների և ոչ թե պաշտոնյաների կամ մեծահարուստների զավակները:

Պաշտպանության նախարարի խոսքով՝ զինված ուժերում ըստ զորամասերի բաշխման ընթացքում ուշադրություն չեն դարձնում, թե զորակոչիկները որ ընտանիքներից են.

«Բաշխումն իրականացվում է ըստ իրենց կարողությունների՝ առաջինը կրթական ցենզի՝ հաշվի առնելով նաև ծառայությունը ուսումնական զորամասերում, երկրորը՝ ըստ ֆիզիկական և առողջական հատկանիշների, նաև ովքեր սոցիալական խնդիրներ ունեն: Ցավոք սրտի, վերջին տարիներին չգիտեմ՝ ինչպես է ստացվում, որ նաև այդ հանգամանքը կա: Գիտեք՝ հասկանալի է, որ սահմանում կանգնած զինծառայողների հերոսությունների, սխրանքների շնորհիվ է, որ մենք կարողանում ենք հաջողությունների հասնել և պաշտպանել մեր սահմանները: Փառք ու պատիվ այն տղաներին, որոնց կյանքի շնորհիվ մենք կարողանում ենք խաղաղություն ապահովել: Վերջին տարիների ընթացքում մենք ունեցել ենք հերոսներ և հրամանատարներ՝ բոլոր աստիճանների և նաև նրանց ենթակա զինծառայողներ՝ սերժանտներ, զինվորներ՝ բոլոր տարածաշրջաններից»:

ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալը հայտարարել էր, որ Ռուսատանը ցանկանում է ՀԱՊԿ-ը վերափոխել ավելի լուրջ միջազգային կառույցի, որը կկարողանա դիմակայել միջազգային սպառնալիքներին: Հարցին, թե ի՞նչ է նշանակում ՀԱՊԿ-ն ավելի լուրջ միջազգային կառույցի վերափոխելը, Սեյրան Օհանյանը պատասխանեց, որ Հայաստանը ՀԱՊԿ-ի լիարժեք անդամ է, վերջին տարիներին իրականացրել է բավական լուրջ աշխատանք ՀԱՊԿ-ի դերակատարությունը՝ և քաղաքական և ռազմական առումով ամրապնդելու և ընդլայնելու համար.

«Հատկապես մեզ հետաքրքրող մասով մենք լուրջ աշխատել ենք ռազմական պոտենցիալի և ռազմական մասի կատարելագործման ուղղությամբ: Մեր առաջարկություններով բազմաթիվ համակարգեր, նաև ուժեր են ձևավորվել և մեր առաջարկություններով է, որ ձևավորվել է նաև ռազմական կոմիտե և հիմա միջողառումներ են ձեռնարկվել ընդհանուր առմամբ ուժերի, միջոցների, հնարավորությունների ընդլայնման ուղղությամբ»:

Սեյրան Օհանյանի խոսքով՝ Հայաստանն այս տարի ՀԱՊԿ-ում նախագահող է. «Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից հնչեցված բոլոր խնդիրները վերաբերում են նրան, որ մենք ՀԱՊԿ-ն ուզում ենք տեսնել լիարժեք, ամուր ռազմաքաղաքական մի կազմակերպություն, որը հատկապես իր աջակցությունը նաև կունենա Հայաստանի Հանրապետությանը, որը կարելի է ասել ընդհանուր սահմաններ չունի Հավաքական Անվտանգության Կազմակերպության Պայմանագրի Կազմակերպության հետ: Կարելի է ասել, որ մենք այսօր հենց այդ ճանապարհին ենք»:

Տեսանյութեր

Լրահոս