
Մահացել է արհեստական ինտելեկտի «հայրը»

Ամերիկացի գիտնական, արհեստական ինտելեկտի գյուտարարներից Մարվին Լի Մինսկին մահացել է 88 տարեկանում ներգանգային արնազեղումից, հայտնում է The New York Times-ը:
Գիտնականի գլխուղեղը կսառեցվի, որպեսզի ապագայում գլխուղեղը «կենդանացվի»: Համապատասխան պայմանագիրը Մինսկին կնքել է դեռ կենդանության օրոք:
Գյուտարարը ծնվել է 1927 թվականին Նյու Յորքում: Իր կյանքի ընթացքում նա արել է մի քանի կարևոր գյուտեր: Այսպես, նրա առաջին օպտիկական սքաներներն ու մանիպուլյատորները տակտիլային ցուցիչներով, զգալի ազդել են ռոբոտատեխնիկայի զարգացման վրա:
Բացի այդ՝ 1951թ. նա ստեղծեց առաջին արհեստական նեյրոնային ցանցը, որը կոչվում էր Snarc, իսկ 1956-ին ստեղծեց սքանավորող միկրոսկոպ, որը մինչ օրս օգտագործվում է կենսաբանների կողմից:
1959թ. Մինսկին Ջոն Մակ-Քարտիի հետ բացեց Մասսաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի արհեստական ինտելեկտի լաբորատորիան, որը զգալի ազդել է համակարգչային ինդուստրիայի վրա: