Ոչ մի «Լավրովի փաստաթուղթ» կամ ինչ-որ մեկինը դեռ գոյություն չունի. ՌԴ արտգործնախարար
Ռուսաստանը հանդես չի եկել նախաձեռնությամբ՝ ընդունել ինչ-որ նոր փաստաթղթեր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման սկզբունքների մասին: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, այսօր Մոսկվայում 2015 թվականի ՌԴ-ի արտաքին քաղաքականության արդյունքներին նվիրված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Ոչ մի «Լավրովի փաստաթուղթ» կամ ինչ-որ մեկինը դեռ գոյություն չունի»,- հայտարարել է Լավրովը՝ պատասխանելով ԼՂ խաղաղ կարգավորման բանակցություններին վերաբերող «Լավրովի առաջարկին կամ փաստաթղթին» վերաբերող լուրերի մասին հարցին:
Լավրովն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շրջանակում գոյություն ունի ընդամենը մի քանի փաստաթուղթ:
«Կան մի շարք փաստաթղթեր՝ դրանք մոտ հինգն են կամ չորսը, գուցե, վեցը, որոնք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կազմել են ԼՂ կարգավորման բանակցությունների տարբեր փուլերում, երբ խոսքը գնում էր այն մասին, որ նախապատրաստվի որպես հակամարտության կարգավորման սկզունքների առաջին քայլ, իսկ հետո նոր այդ սկզբունքների հիման վրա պատրաստվի արդեն խաղաղ համաձայնագիրը, որը կունենար իրավական պարտադիր, այլ ոչ թե քաղաքական բնույթ»,- հայտարարել է Լավրովը:
«Այդ փաստաթղթի տարբեր վարկածները համանախագահների կողմից ի պահ են տրվել ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին: Այդ ավանդադրված վիճակում դրանք գտնվում են այդ կազմակերպության չհրկիզվող պահարաններում: Դրանք միակ փաստաթղթերն են, որոնք կարելի է անվանել փաստաթղթեր»,- հայտարարել է ՌԴ արտգործնախարարը:
Նա հիշեցրել է, որ վերջերս՝ հակամարտության կարգավորման որոշ դադարից հետո կողմերը վերսկսել են դիվանագիտական շփումները «հանգուցալուծումներ գտնելու» ուղղությամբ:
«Նման հանգուցալուծումները ներկայում որոնվում են գաղափարների մակարդակով, բարձրաձայն դատողությունների մակարդակում: Մի քանի հանդիպում եմ ունեցել Հայաստանի, Ադրբեջանի իմ գործընկերների հետ: Մենք այդ ամենը քննարկում ենք ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի համանախագահների հետ: Ոչ մի փաստաթուղթ, բացի նրանցից, որ կա ԵԱՀԿ-ի մոտ, գոյություն չունի»,- հայտարարել է Լավրովը: