«Սապֆիրը»՝ խարդավանքների զոհ. ինչպես ոչնչացնել հզոր ձեռնարկությունը
Հայաստանում գործում է շատ լավ հղկված մի մեխանիզմ, թե ինչպես ոչնչացնել և հողին հավասարեցնել զարգացող հզոր արտադրություն ունեցող ձեռնարկություն: Դժվար է գտնել մի գործարարի, որ վարկային պարտավորություն չունենա, նաև դժվար է գտնել մի ձեռնարկություն, որտեղ հարկային ստուգումները որևէ բացթողում չհայտնաբերեն` անկախ դրա մեծությունից, ինչպես նաև` շատ հեշտ է քրեական գործ հարուցել ցանկացած մեղադրանքով և երկար տարիներ շարունակ դատական քաշքշուկներ ստեղծել:
Նմանատիպ ճակատագրի է արժանացել երբեմնի մեծ համբավ ունեցող «Սապֆիր» ԲԲ ընկերությունը:
Գիտատեխնիկական այս ձեռնարկությունը զբաղվում էր բյուրեղների, մասնավորապես` սապֆիրի արտադրությամբ, նաև տեխնիկական քարերի և ռուսական ալմաստի վերամշակմամբ, գործում էին նաև հաստոցաշինական և բենզոփոխարկիչների արտադրամասերը, որը խոշոր պատվերներ էր ստանում ռուսական շուկայից: Ժամանակին «Սապֆիրի» նախագահ և «Մշակ» ընկերության համահիմնադիր Բորիս (Բարեղամ) Պետրոսյանը սապֆիրի արտադրության զարգացումը համեմատում էր Հայաստանի համար նավթային մեծ պաշարներ ունենալու հետ, քանի որ գործարանի շուկան տարեկան աճում էր 40%-ով:
Բ. Պետրոսյանի դիմումի հիման վրա 2012 թ. մայիսին ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը «ՍԱՊՖԻՐ» ԲԲԸ-ն ճանաչում է սնանկ: Խոշոր պարտապանները «Յունիբանկ» ՓԲԸ-ն էր և ՊԵԿ-ի «Նաիրիի» տարածքային հարկային տեսչությունը: «168 Ժամի» հետ զրույցում «Սապֆիր» ԲԲ ընկերության 2008-2010թթ. տնօրեն Միքայել Բաղրամյանը հավաստիացրեց, որ բանկի հետ կապված խնդիրը լիովին լուծելի էր, իր տնօրինության ընթացքում արդեն 1.2 մլն դոլար պարտավորության մի մասը վճարվել էր, մնացել էր 760 հազար դոլար, որի շուրջ բանակցություններ էին ընթանում: Մինչդեռ Հարկային տեսչության հանդեպ ունեցած պարտավորության համար, ըստ նրա, հիմքեր չկային:
Այդ ընթացքում հարկային պարտավորությունների հետ կապված հարուցվել էր N83155612 քրեական գործը, որը ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր` Վաղինակ Մկրտչյան) սկսել է քննել 2013թ. հունիսին և ավարտել է միայն 2014թ. նոյեմբերին: Բ.Պետրոսյանին և Մ.Բաղրամյանին մեղադրանք էր առաջադրվել` ընկերության հարկման համար հիմք հանդիսացող հաշվարկներում և հաշվետվություններում ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելու միջոցով առանձնապես խոշոր չափերով` 105 մլն 46.3 հազար ՀՀ դրամ հարկերը պետական բյուջե վճարելուց խուսափելը:
Դատավարության ընթացքում կալանավորված Բ.Պետրոսյանի համար ներկայացված միջնորդությունները՝ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը, գրավով փոխարինելու վերաբերյալ դատավորը մերժում է, սակայն 2014թ. հուլիսին հերթական միջնորդությունը բավարարվում է՝ 2 մլն դրամի դիմաց, քանի որ Բ.Պետրոսյանի առողջական վիճակը գնալով վատանում էր: Նրա մոտ ախտորոշվում է քաղցկեղ, իսկ նոյեմբերին Բ.Պետրոսյանի մասով անջատված դատական գործի քննությունը կարճվում է` մեղադրյալի մահվան պատճառով:
Մ. Բաղրամյանի հանդեպ դատական գործով քննության ընթացքում, հենց Բաղրամյանի խոսքով, բազմաթիվ զավեշտներ են եղել: Օրինակ՝ դատարանը կասկածելի է համարել, որ «Սապֆիր» գործարանը, որն ինքն ընդունել էր ամսական 6 մլն դրամ առևտրով, 2008թ. մինչև 2009թ.՝ 7 ամսվա ընթացքում, շրջանառությունը կարողացել է հասցնել մինչև 38 մլն դրամի` ամսական, իսկ այդ ժամանակ առկա ծախսերը նվազեցնել մի քանի անգամ:
Մ.Բաղրամյանի տնօրինության ժամանակաշրջանում եղել է հարկային 2 ստուգում և 2 աուդիտ: Ըստ դատական գործի` ընկերությունը ոչ մի առարկություն և խնդիրներ չի ունեցել ո՛չ հարկային մարմինների, ո՛չ էլ պետության հետ, ավելին, ունեցել է գերավճարներ` ընդհանուր 49 մլն դրամի չափով, և որևէ հարկային պարտավորություն պետք է մարվեր հենց այդ գերավճարներից: Ի վերջո, դատարանը ճանաչել է Միքայել Բաղրամյանի անմեղությունը` ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքի կատարման մեջ:
Մ.Բաղրամյանի խոսքով` ամբողջ դատական ֆարսը կառուցվել էր հարկային ակտի վրա, որ իբր թե ընկերությունը հարկային պարտավորություն ունի, որն իրականում ժամանակին վճարվել էր, բայց այդ փաստաթուղթը խորհրդավոր կերպով անհետացել էր քրեական գործից:
«Հարկային տեսչությունն այնպես է արել, որ փաստաթուղթն անհետանա, հարկային պարտավորություն առաջանա, ու հետո փաստաթուղթը գտնվի և պարտավորությունը վերանա:
Զավեշտ է՝ ակտ են գրել ոչ թե հարկային տեսուչները, այլ հարկային օպերլիազորները, ընդ որում՝ օրենքն ինքնակամ փոփոխել են ու սխալ կիրառել: Ընդհանուր առմամբ 34 խախտումներ են եղել ամբողջ դատավարության ընթացքում, իսկ դատավորն էլ հրաժարվել է արձանագրել հարկային աշխատակիցների սխալները: Իրենց պետք էր ամեն գնով պարտավորություն ցույց տալ և քրեական գործ հարուցել»,- ասաց Մ.Բաղրամյանը:
Թե ինչո՞ւ էր պետք այսքան ձգձգել դատական գործը, Բաղրամյանի կարծիքով` մեղադրողները պարզապես ասելիք չունեին, իսկ երբ մարդը նստած է բանտում, այդ ընթացքում կատարվում են իրավական մի շարք գործողություններ, որոնց մեղադրվողները չեն կարող միջամտել: Արդյունքում` «Սապֆիր» ԲԲ ընկերությունն աճուրդի է հանվել ու վաճառվել:
Հ.Գ. Մ.Բաղրամյանն այժմ լիովին իրավունք ունի դիմել արդարադատությանը` իրեն պատճառված բարոյական ու նյութական վնասի փոխհատուցում ստանալու համար: Ընդ որում, անհիմն կերպով մեղադրված և մոտ 1.5 տարի դատական պրոցեսով անցնելուց հետո արդարացված Բաղրամյանը դատարանից պահանջել է դատավարական պրոցեսի ամբողջ ձայնագրությունն ու փաստական նյութերը, սակայն նրան մերժել են` կրկին առանց որևէ հիմքի: