«Հարգում եմ ՄԽ դիրքորոշումը, բայց ԵԽ ԽՎ-ն չի կարող աչքերը փակել». Միլիցա Մարկովիչը մեղադրեց նաև ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակությանը

Քիչ առաջ ԵԽԽՎ-ում լիագումար նիստի ընթացքում ելույթ ունեցավ բոսնիացի ադրբեջանամետ պատգամավոր Միլիցա Մարկովիչը: Բոսնիացի պատգամավորը ներկայացրեց իր «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» զեկույցի կարևորությունը: Հույս հայտնեց, որ պատգամավորները ծանոթացել են իր պնդումներին և համաձայն են, որ ջրի խնդիրը սոցիալական լուրջ խնդիր է, որը պետք է լուծում ստանա:

Նա անդրադարձավ նաև ՄԽ աշխատանքներին: Մարկովիչն ասաց, որ ՄԽ-ն 20 տարի աշխատել է, բայց չի գտել կարգավորում, եզրակացություն հակամարտության վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի միջև, քաղաքական կոնտեքստը հաշվի չի առնվել:

«Իմ խնդիրն է սոցիալական հարցերին անդրադառնալը, մարդու զարգացումը ապահովելը: Իմ զեկույցը խնդիրներին է վերաբերում: Ջրային ռեսուրսները պետք է օգտագործվեն բնակչության կողմից, քանի որ ջրամբարը կառուցվել է ապահովելու համար բնակչության ջուրը: Իսկ Սարսանգըի ջրամբարի 80 տոկոսը ՀՀ-ի ազդեցության տակ է:

Իմ մտադրությունն է՝ առաջարկել կարգավորում, որը ցույց կտա, որ ԵԽ ԽՎ-ն կարող է ուղերձ ուղարկել, որ մենք բաց ենք խնդիրների համար, որոնք բնակչությանն են վերաբերում: Կա խնդիր, որը չունի կարգավորում: Ես համաձայն չեմ պարոն Մոգենսի հետ, որ ԵԱՀԿ-ն պետք է կարգավորում ապահովի: Ես հարգում եմ ՄԽ դիրքորոշումը, բայց ես պետք է ասեմ, որ ԵԽԽՎ-ն չի կարող իր աչքերը փակել մարդկանց տառապանքների և այդ տարածքում առկա խնդիրների վրա»,- ասաց Մարկովիչը:

Վերջինս տեղեկացրեց, որ բանաձևում ներառված են առաջարկներ խնդիրը լուծելու համար, ուստի խնդրեց   պատգամավորներին աջակցել բանաձևին, որպեսզի իր առաջարկները տեղ հասնեն: «Մենք չպետք է անտեսենք մարդկանց տառապանքները` 500 հազար բնակչի տառապանքը և ջրային խնդիրները: Ուզում եմ ևս մեկ անգամ ասել, որ ՀՀ չեմ այցելել, բայց ՀՀ պատվիրակության պատճառով»,- ասաց բոսնիացի Մարկովիչը: Վերջինս մանրամասնորեն պատմեց, թե քանի անգամ է դիմել ԵԽ ԽՎ հայաստանյան պատվիրակությանը, որպեսզի նրանք աջակցեն իր ճանաչողական այցին, սակայն դա տեղի չի ունեցել, քանի որ մերժումներ է ստացել:

 

 

Տեսանյութեր

Լրահոս