
Մեր պատգամավորները լավ պատկերացում չունեն Արցախի հիմնահարցի մասին. Լարիսա Ալավերդյան

ՀՀ առաջին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանի կարծիքով` այն, ինչ տեղի է ունեցել ԵԽԽՎ-ում, հայկական կողմի ակտիվ քաղաքականության բացակայության պատճառով է, և Ադրբեջանը շարունակում է իր գործողությունները.
«Ինձ համար մեկ է` զեկույցները կընդունվեն, թե ոչ, բայց դրանք դրված են շրջանառության մեջ, դա է կարևորը։ Եթե մենք ունենայինք հակադարձ բանաձև, ապա պայքար կլիներ, բայց չունենք։ Սա ես դիտարկում եմ այս դաշտում»:
Նրա կարծիքով` մենք կարող ենք շարունակել բնութագրել ԵԽԽՎ-ն որպես ծախու, կոռումպացված կառույց, բայց պետք է քայլեր անենք, որ ասենք` մենք անում ենք ամեն ինչ, բայց նրանք ծախու են.
«Ստացվում է, որ ամեն անգամ մենք ընկնում ենք երկրորդական նյութերի հետևից։ Մենք պետք է այս տարիների ընթացքում տարածաշրջանի իրական պատկերը ցույց տայինք` աշխատելով ամեն երկրի, ամեն պատվիրակության հետ առանձին- առանձին, այլ ոչ թե նստաշրջանից նստաշրջան` այն էլ մեղադրելով հակահայ զեկույցների համար։ Այստեղ կոնցեպցիայի բացակայություն կա»:
ՀՀ առաջին օմբուդսմենը համոզված է` մեր պատգամավորները տարիներ շարունակ լավ պատկերացում չունեն Արցախի հիմնահարցի մասին։ Նա նշեց, որ հասարակության լռությունը էլի մեր մասին է խոսում, դրա համար դրական գնահատեց հասարակության ակտիվությունը։
«Ադրբեջանցիները շարունակում են պնդել, որ Հայսատանն ագրեսոր է, որ նրանք պարտվել են ոչ թե հայերին, այլ ռուսներին։ Մենք իրական պատկերը ցույց չենք տալիս»,-ասաց նա` հավելելով, որ եթե զեկույցներին դեմ քվեարկեն, ապա դա չպետք է հանգստացնի ո՛չ հասարակությանը, ո՛չ գործադիր մարմնին.
«Դա հատուկ քաղաքականություն է` բերել այդպիսի զեկույցներ, որ շեղեն բոլորին։ Մենք տարիներ շարունակ բոլորին լսել ենք տալիս ադրբեջանական տեսակետը, իսկ մեր տեսակետը չենք ներկայացնում»: