Ուկրաինայի նոր վարչապետ կարող է նշանակվել Կառլ Բիլդտը. ԶԼՄ-ներ
Ուկրաինայի կառավարությունը Արսենի Յացենյուկի փոխարեն կարող է գլխավորել Շվեդիայի վարչապետ Կառլ Բիլդտը: Այս մասին հայտնում է ուկրաինական «Գլավկոմ» պարբերականը՝ հղում կատարելով երկրի նախագահի ադմինիստրացիայում իր աղբյուրին:
Բիլդտի նշանակումը, ինչպես նշում է պարբերականը, Կիևին թույլ կտար բանակցություններ վարել միջազգային վարկատուների հետ, ինչպես նաև թույլ կտար նախագահ Պյոտր Պորոշենկոյին մեծ վերահսկողություն սահմանել կառավարության նկատմամբ:
Բացի այդ՝ նման կադրային ընտրությունը կարող էր իշխանություններին օգնել Ուկրաինայի բարեփոխումների պատասխանատվության մի մասը գցել Արևմուտքի վրա: Ընդ որում՝ Շվեդիայի նախկին վարչապետը չի կարող քաղաքական մրցակից լինել Պորոշենկոյի համար:
Միևնույն ժամանակ, Բիլդտի նշանակումը Ուկրաինայի վարչապետի պաշտոնում կարող է բացասական ռեակցիա առաջացնել հասարակության հայրենասիրական տրամադրություններով մասի մոտ: Բացի այդ, Բիլդտին դժվար կլինի յուրացնել ուկրաինական քաղաքականության տարրերը, արձանագրում է «Գլավկոմը»:
Յացենյուկի մյուս հնարավոր իրավահաջորդների թվում պարբերականը նշում է Ուկրաինայի ֆինանսների նախարար Նատալյա Յարեսկոյի, Օդեսայի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի, Պորոշենկոյի ադմինիստրացիայի ղեկավար Բորիս Լոժկինի, Գերագույն ռադայի խոսնակ Վլադիմիր Գրոյսմանի անունները:
Ուկրաինայի կառավարության իմունիտետի ժամկետը, որը երաշխավորված էր խորհրդարանական կոալիցիայի կողմից, լրացել է դեկտեմբերի 11-ին, ինչի հետ կապված էլ Ռադան ստացել է հնարավորություն՝ հանդես գալով նախարարների կաբինետը ցրելու նախաձեռնությամբ:
Նոյեմբերին Յացենյուկը սպառնացել էր, որ իր «Ժողովրդական ճակատ» կուսակցությունը դուրս կգա կոալիցիայից, եթե Գերագույն ռադան քվեարկի իրեն պաշտոնից հանելու օգտին: