Բաժիններ՝

Պուտինը կոռումպացված է արդեն երկար տարիներ. ԱՄՆ ֆինանսների նախարարություն

Ամերիկյան իշխանությունները ենթադրում են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կոռումպացված է ու թաքցնում է իր իրական կարողությունը:

Նման հայտարարություն արել է ԱՄՆ ֆինանսների նախարարի տեղակալ Ադամ Շուբինը BBC «Պանորամա» ծրագրի շրջանակում, որը եթեր է հեռարձակվել Մեծ Բրիտանիայում երկուշաբթի երեկոյան:

«Ես պատրաստ չեմ թվեր ասել, սակայն այն, ինչ կարող եմ ասել, այն է, որ ենթադրվում է՝ Պուտինը պետությունից ստանում է մոտավորապես 110 հազար դոլարի չափով աշխատավարձ: Դա այդ մարդու կարողության ոչ կոռեկտ նկարագրությունն է: Նա իր կարողության իրական չափը թաքցնելու մեծ փորձ ունի»,- հայտարարել է Շուբինը:
Հարցին՝ արդյոք կոռումպացված է Վլադիմիր Պուտինը, պաշտոնյան դրական պատասխան է տվել: Նրա խոսքով՝ ՌԴ նախագահի կոռումպացվածության մասին իշխանություններին «երկար-երկար տարիներ հայտնի է»:

Ռուսական իշխանությունները հերքում են Պուտինի հարստության մասին լուրերը՝ դրանք համարելով աբսուրդային:

«Պանորամայի» հեղինակները հենվում են ԿՀՎ-ի գաղտնի զեկույցի վրա, որտեղ Պուտինի կարողությունը գնահատվում է գրեթե 40 միլիարդ դոլար: Նման կարծիք է հայտնել նաև քաղաքագետ Ստանիսլավ Բոլկովսկին՝ գնահատելով Պուտինի կողմից վերահսկվող ակտիվների չափը:

Նրա խոսքով՝ Պուտինի կարողությունը հասնում է մի քանի տասնյակ միլիարդ դոլարի, և այդ ակտիվները ներկայացված են շքեղ անշարժ գույքի տեսքով ինչպես Ռուսաստանում, այնպես էլ արտերկրում, օրինակ՝ Իսպանիայում:

Անձամբ Պուտինը հերքում է բոլոր մեղադրանքները, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս